Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատակի վրա։ Տեսարանը եղկելի էր։ Լևոնը, այն պատանին, որին երևակայությունս գրեթե հրեշտակացրել էր, ընկնում էր աչքումս։ Եվ այս ինձ համար դառն էր, շատ դառն։ Նա ոչինչ չէր զգում, ընկած էր կեղտոտ լաթի պես, ոտից մինչև գլուխ ցեխոտ։ Միայն երբեմն ձեռը դուրս էր բերում փորի տակից շոշափում ձախ կոշիկը․․․

Ես թողեցի տխուր տեսարանը և հեռացա։ Մի՞թե այս է բարեկամիս վերքը։ Մի՞թե Ալմաստի չար գուշակությունը իրագործվում է։

Առավոտը երբ բարձրացա վերև, Ալմաստն արդեն թեթևացրել էր յուր սիրտն և աչք-ունքը կիտած լուռ նստած էր մի անկյունում։ Լևոնը փնտրում էր կիթառը, որ գնա յուր գործին, չէր գտնում։ Ալմաստը թաքցրել էր, չէր ուզում տալ։ Տեսնելով ինձ՝ խեղճ կինը լաց եղավ։ Այս անգամ խոսքեր չգտա Լևոնին արդարացնելու։

— Չէի՞ ասում, որ վերջն յուր անիծված հոր օրին է հասնում։ Ահա՛ չորրորդ անգամն է՝ տուն է գալիս շան օրում․․․

Ես բարվոք համարեցի Լեռնի հետ խոսել առանձին, հրավիրելով սենյակս։ Հիշում էր երեկվա յուր խայտառակ գրությունը և սաստիկ ամաչում։ Լուռ էր, սպասում էր, որ ես խոսեմ։ Ի՞նչ պիտի ասեի․ նախատելը կլիներ ավելորդ․ Լևոնը հիմար գլուխ չէր և ոչ էլ երեխա, շուտով պիտի լրանար տասնութ տարին։ Ես ընկերաբար բացատրեցի հարբեցողության կորստաբեր հետևանքները։ Նա լսեց մինչև վերջը համբերությամբ և, երբ վերջացրի, ասաց․

— Այդ բոլորը գիտեմ․ հայրս հենց հարբեցողությունից մեռավ։

— Գիտես և էլի խմո՞ւմ ես։

— Ստիպում են։

— Ովքե՞ր։

— Նավաստիները։

— Տեղափոխվի՛ր ուրիշ պանդոկ։

— Ամեն տեղ ստիպում են։

— Մի՞թե չես կարող մերժել։

— Առաջ մերժում էի, հիմա չեն թողնում։