Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցամաքել էր, ինչպես արմատից պոկված ծաղիկ։ Խնդրեց ինձ համոզել մորը, որ կիթառը տա իրան։ Միևնույն է, եթե չտա, պիտի նորը գնել․ ինչո՞ւ ավելորդ ծախսի մեջ ընկնել։

Հազիվ այդ օրից անցել էր մի շաբաթ, երբ մի երեկո, մոտ տասը ժամին, հանկարծ սենյակս մտավ Ալմաստը շփոթված։

— Պարոն, նեղություն քաշեցեք, վերև բարձրացեք աստծո սիրույն:

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո։ Հեզ պատանին կատարելապես կատաղել էր։ Առանց բաճկոնի ու կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով յուր ձեռների միսը։ Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես: Նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար։

Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո։ Նավահանգստից վերադառնալիս Լևոնի վրա հարձակվել էին ինչ-որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:

— Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես բռնելով Լևոնի թևը,— ամո՜թ։

— Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում։ Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ․․․ Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում։ Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր․․․

Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ։ Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի րոպե թողնել մեզ առանձին։ Այրին դուրս գնաց ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի՝ ինչպես պիտի խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ։ Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում։

— Ամոթ է, Լևոն։ Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ․․․ Չարժե այդպես գոռալ․․․

— Չարժե՞, չարժե՞, սինյոր, դուք է՞լ եք ասում։ Բայց