Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս․․․ այո՛․․․ ձախը․․․ Գիտե՜ք․․․ Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ․․․ Բուլվարի ներքևումն էր, այն մեծ սանդուղքի մոտ։ Երկու հոգի էին՝ մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ։ Բարձրահասակը բռնեց հետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններս։ Երբ մի ռուբլուց ավելի չգտան՝ բարկացան։ Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան։ Չեղա՜վ։ Պիջակս էլ հանեցին․․․ Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին՝ չէի խոսիլ․․․ Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս․․․ «Հանի՛ր,— ասաց ձեռներս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն»։ Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կծոտել նրա ուսերը, գլուխը․․․ Նա ինձ ապտակեց։ Աչքերս մթնեցին․․․ Սկսեցի աղաչել, պաղատել․․․ Չլսեցին անաստվածները․․․ Տարան, տարան․․․

— Ուրեմն կոշիկներիդ համա՞ր ես լալիս,— ասացի ես մոտավորապես հասկանալով բանի էությունը․․․

— Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկս․․․ Այնտեղ էի պահում հավաքած փողերս․․․

Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ․․․

Այդպես, ուրեմն, տարել էին նրա վեց-յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը․․․ նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար։ Տանը պահել վախեցել էր։ Մայրը կգտներ, չէր վերադարձնիլ։ Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում։

— Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել․․․ Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել․․․ Տարա՜ն սրիկաները։ Ով գիտե հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով․․․ Տե՜ր աստված, տեր աստված, ի՞նչ պիտի անեմ․․․

Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու։ Խստություն համարեցի նախատել նրան յուր անզգուշության համար։ Հարկավոր էր միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի թույլ հույս։ Արդեն վիշտը շատ մեծ էր։