Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամն եմ,— միրուքս վկա, աղքատն երբեք փող չպիտի ունենա։ Փողը շատ գոռոզ է, սիրում է թանկագին պալատներ։ Հիմար աղքատը կարծում է, թե կարելի է նրան պահել գարշապարի տակ, կոշիկում, խի֊խի֊խի՜․․․ Մանո՛ւկ, դու պիտի կուրծքդ պատռեիր ու ասեիր այդ հարյուրանոցին. «պատվելի, սիրելի, համեցեք, ա՛յ քո բնակարանը»։ Երանի եմ տալիս այն հնավաճառին, որ այդ կոշիկը կգնի։ Երդվում եմ միրուքովս, Սողոմոն արքան էլ այդպիսի թանկագին կոշիկներ չի հագել։

Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը։ Չաուշենկոն և Իցկոն հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր։ Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից։ Տուն էր վերադառնում երեկոները, պառկում հագուստով անկողնում, հեկեկում ու հեկեկում։ Ալմաստը հուսահատությունից չգիտեր ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար։ Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա։ Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով։

Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու։ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։ Այնինչ՝ այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ։ Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին։ Նա դեռ պահում էր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու։ Ով գիտե, անկարելի ոչինչ չկա. կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ հետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ, և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել։ Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոտանալով նրա համար նոր կիթառ գնել։ Ես խորհուրդ տվեցի նրան ընդունել այդ առաջարկությունը, և նորից սկսել փող ժողովել։ Մի օր, վերջապես, նա գնաց. «Արքայական յախտա» մի նոր կիթառ ձեռին։ Երեկոյան նա պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկվել ու համբուրվել նրա հետ։ Նրա բերանից դարձյալ