Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ։ Ինչո՞ւ. նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:

— Այո՛, բարեկամս, ուղարկում է. բայց, ների՛ր, այղ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում։ Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ և դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում՝ գիմնազիստներին միմիայն նրանց ցույցերին արժանանալու համար։ Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել։ Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե, միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՛խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով։ Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր՝ նամակ կգրեր։ Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց։

Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս։ Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև։

— Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու մտքով։

— Գուցե... թո՛ղ այդպես լինի․․․— ասացի ես անորոշ եղանակով Լևոնին ավելի չվշտացնելու համար։

Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.

— Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել։

Ի՞նչ է պատահել...

— Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր։ Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ ․.. հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա...

Եվ նա ծոցից հանելով հեռագիրը՝ ցույց տվեց ինձ։

— Այդպես անսպասելի՞,— գոչեցի ես, թեև վաղուց մի