Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ-որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև։

— Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց։ Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր։ Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա։ Ա՜խ, վերջապես որքա՛ն ուրախ, ո՛րքան ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է բարի, քաղաքավարի լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ։ Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...

Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում։ Ինչպես կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային։

Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին։ Սակայն հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ։ Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնվում էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ։

Տխուր, անմոռանալի երեկո. առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ։ Նա իսկույն պատմեց յուր ուրախության պատճառը։ Երկու օր է՝ նրան կանչում են «Խերսոն» շոգենավը։ Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար։ Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել։ Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել «Մադրիդի շրջմոլիկը»։ Նա մի շատ բարի մարդ է․ իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան։ Երկու օրից հետո «Խերսոն» գնում էր Կրոնշտադտ։ Այնտեղից հետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո Հեռավոր Արևելք։ Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները․․․