— Քույրս վաղուց է կորցրել իր ազդեցությունը ամուսնու վրա։
Այդ մի դառն խոստովանություն էր Մերսիմյանի համար։ Նա գիտեր, որ ինքն է գլխավոր պատճառը, որ իր քույրը կորցրել է ազդեցությունն ամուսնու վրա։ Գիտեր, որ իր մուրացկանությամբ վաղուց ձանձրացրել է Մարկոսյանին և այդ պատճառով ծերունին ատում է ոչ միայն նրան, այլն նրա քրոջը։
— Շատ ցավում եմ, որ այդպես է,— ասաց Նազիմյանը, ձեռք ճգնավորի հեգնությամբ սեղմելով իր կրծքին,— շատ ցավում եմ... Ցտեսություն։ Ես գնում եմ երեկոյան հեռագիրննրը կարդալու, տեսնենք ինչ է խոսվում առաջիկա պատրերազմի մասին...
— Արշակ,— գոչեց Մերսիմյանը գունատվելով, և բռնեց ընկերոջ ձեռը։
— Հանդարտ, սիրելիս, տեսնողները կարող են կարծել, որ մենք վիճում ենք թշնամաբար։
— Այդպես սառը մի՛ խոսիր,— մռնչաց Մերսիմյանը,— ես ավելի եմ վրդովվում։
— Սիրելիս, ի՞նչ կարիք կա թակարդ ընկած արջի պես մռնչալու։ Էհ, գիտեմ, որ ֆիզիկապես ուժեղ ես, կարող ես ինձ ծեծել, բայց կրթված մարդուն վայե՞լ է խոհեմությունը մոռանալ, մանավանդ մի հասարակական տեղում։ Կամենո՞ւմ ես ճշմարտությունը գիտենալ։ Լսի՛ր. Մարկոսյանը քո մուրհակը չի փոխիլ։ Սիրելիս, ինչո՞ւ չհասկանալ նրա դրությունն էլ. մարդու մատյանները քո հաշվում ցույց են տալիս անվերջ փոխառություններ և ոչ մի հատուցում, հասկանո՞ւմ ես, ոչ մի վճարում։
— Արշակ,— ասաց Մերսիմյանը զգալի չափով ընկճված ձայնով,— գործերս վատ են գնում, հասկացիր. շատ վատ... Այսօր ես տասը մարդու եմ դիմել և բոլորից մերժում եմ ստացել։ Այլևս ոչ ոք չի ուզում ինձ օգնության ձեռք մեկնել։ Ամենքը մատի փաթաթան են դարձրել իմ փեսայի հարստությունը ու նրա մոտ են ուղղում ինձ։ Ես Մարկոսյանին տված մուրհակներիս մասին չեմ հոգում։ Նրանք ինձ համար այնքան էլ վտանգավոր չեն, վաղը ես ուրիշ