առանձնասենյակը։ Աղաջանը անմիջապես հարձակվեց նրա վրա, ժամանակ չտալով անգամ նստելու:
— Էլի՜ ուզողությո՞ւն, էլի՞: Ախպեր, մինչև ե՞րբ, հերիք չէ՜։ Քանդեցիք ինձ, պրծաք, էլ ձեռք չե՞ք վերցնելու քույր ու եղբայր։ Քառասանուհինգ հազարի հաշիվ կա ոտքիդ, հերի՞ք չէ։ Ախար մին ասա տեսնեմ, մեծ-մեծ բաներ ես բռնում, հողեր ես առնում, հորեր ես քանդում, կանտոր ու բուխալտեր ես պահում, ո՞վ ես, ինչի՞ տեր ես։ Ախպեր, խրված եմ էէ, խրված եմ մինչև կոկորդս, հոգի, հավատ, երկինք, չունեմ, չունեմ, չունեմ... պըյ, պըյ, պըյ...
Նա կանգ առավ, շունչ քաշեց, ապա շարունակեց.
— էէ՜, լավ, ասենք փեսադ եմ, հետո՞։ Ուզում ես մի կտոր հաց տամ, քեզ պահե՞մ։ Աչքիս վրա, ամեն օր եկ, աստուծո տվածից կեր, գնա, հալալ լինի քեզ էլ, մորդ էլ։ Էլ դիշքիրահի՞ս որն է: Լյազգի՞ ես, թե ղաչաղ։ Դե որ ղաչաղ ես, մի խանչալ վերցրու, մի անգամ մորթիր, ազատիր էլի... էլ ինչո՞ւ ես չարչարում, պըյ, պրյ, պըյ...
Նա սաստիկ հազաց, կծկվեց, կուչ եկավ և գրեթե աներևութացավ սեղանի տակ։
Մերսիմյանը կամեցավ պաշտպանվել, բայց զգաց, որ կարող է գործն ավելի փչացնել։ Արդարև, Աղաջանը հենց մի հակաճառության էր սպասում, որպեսզի ավելի սաստկացնի իր նախատինքները։
Նազիմյանը լուռ նայում էր սեղանի մի կետին, դեմքի վրա հարգանքի և հեզության ժպիտը, սրտի խորքում ծաղրի և արհամարհանքի զգացումը դեպի այդ գռեհիկ շինականը։
Աղաջանն իր վերջին թուքը ձգեց Մերսիմյանի կողմը, չխնայելով հատակին սփռած Խորասանի թանկագին գորգին։ Նա բերանը սրբեց և գլուխը բարձրացրեց սեղանի հետևից, որջից դուրս սողացող փորսողի պես։
— Լավ,— շարունակեց նա, ավելի գրգռված — իմացանք, որ ուսում ունես, գիտնական ես, հանցու ի՞նչ, հենց պետք է քերթե՞ս էլի մեզ։ Ես որ գեղական տեղովս իմ հալալ արյուն քրտինքով մի կտոր հաց եմ աշխատել, առողջությունս կորցնելով, խե, դու էդ ուսումնական տեղովդ չես կարո՞ղ։ Հենց հազիր-հազիրդանա եփած տոլմա պիտի ուտեք