Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն իբրև ամուսնու, այլ իբրև կյանքիս ընկերուհու, իբրև մարդու, ոչինչ չեմ խնայել քեզ համար, աշխատել իմ անվերջ զիջումներով ու բարությամբ կոտրել քո սրտի սառույցը։

ՀԵՐՍԻԼԵ. Այո, ճիշտ է, իմ վերաբերմամբ դու միշտ եղել ես զիջող, բարեսիրտ ու սիրող, այլև գուցե վեհանձն։ Բայց միթե չե՞ս զգացել մի բան, այն է, որ քո այդ բարությունը, սերը և վեհանձնությունն ինձ ճնշում են ինչպես մի դառն, անտանելի մի լուծ։ Միթե չես զգացել, որ հեշտ չէ մի կնոջ համար ստանալ թեկուզ իր օրինական ամուսնուց ամեն բան և փոխարենը չկարողանալ տալ ոչինչ, բացի սառնությունից և անտարբերությունից։
ԱՆՏՈՆ․ Խոստովանում եմ, չեմ զգացել, որովհետև երբեք չէի կարող երևակայել, թե՛ մարդու արածներն իր օրինական կնոջ համար նրա կողմից պիտի ընդունվեն իբրև երախտիք։ Հերսիլե, մի քրքրիր քո հոգին ասեղի ծայրով, նայիր կյանքին հասարակ աչքերով և զսպիր քո վառվող երևակայությունը։ Քեզանից է կախված դարձնել մեր կյանքը կամ մի փշալի անապատ, կամ ծաղկազարդ բուրաստան։
ՀԵՐՍԻԼԵ. Օ՜օ, եթե ինձանից լիներ կախված, այսօր այս լեզվով չէի խոսիլ քեզ հետ։ Բայց դժբախտաբար խելքս չի կարողանում խեղդել այժմյան զգացումներս և առաջացնել ուրիշ զգացումներ իմ սրտում։
ԱՆՏՈՆ. Ուրեմն ես երբե՞ք չպիտի արժանանամ քո փոխադարձ սիրուն, երբե՜ք...
ՀԵՐՍԻԼԵ. (Լռություն. կռվում է ինքն իրեն) Չգիտեմ.․.
ԱՆՏՈՆ. (Գրգռվելով) Հերսիլե։
ՀԵՐՍԻԼԵ. Մի սպասիր այլևս կեղծել։ Բավական է, որքան ես տանջվեցի կեղծելուց։ Այժմ չեմ կարող, որովհետև այլևս ինձ համար պարզ է այն սարսափելի տարբերությունը, որ կա իսկական կյանքի և բուսական գոյության մեջ։
ԱՆՏՈՆ. Ա՞յժմ։ Հասկանում եմ։ Քո ընկերուհուն տեսնելուց հետո։ Դու նախանձում ես նրա վիճակին, այնպես չէ՞, դու նրան երջանիկ ես համարում, իսկ քեզ անբախտ, այո՞։ Հերսիլե, մի հավատար ուրիշների բախտին։ Նա