Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ հոգատար, շատ սիրող մայր, ինչպես և բոլոր քեզ նման մայրերը։

ՆԱՏԱԼԻԱ. Այդ ի՞նչ լեզվով ես խոսում հետս։ Չլինի ծաղրում ես ինձ...
ՀԵՐՍԻԼԵ. Մամա, բավական է, դու էլ մի՛ տանջիր ինձ։
ՆԱՏԱԼԻԱ. Ե՞ս եմ քեզ տանջում, թե դու ինձ։ Հերսիլե, ես չեմ հանգստանալ մինչև որ չիմանամ ինչ է պատահել այս տանը։ Ես հենց դրա համար եմ եկել և ոտս այստեղից դուրս չեմ դնիլ մինչև որ բոլորը չպատմես, լսու՞մ ես, բոլորը։
ՀԵՐՍԻԼԵ. (Մի քանի վայրկյան ինքն իր հետ լուռ կռվելուց հետո մոտենում է մորը) Մամա, առաջ քան ամեն բան գիտենալը ասա ինձ. եթե մի օր թողնեմ այս տունն ու հեռանամ, կնդունե՞ս ինձ քեզ մոտ։
ՆԱՏԱԼԻԱ. (Ցնցվում է) Թողնես այս տունն ու հեռանա՞ս։ Ինչու՞ պիտի թողնես։
ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Ինչու՞..․ հենց այնպես, քեֆիս համար, չէ՞ որ մոդա է, քմահաճություն... (դառը ծիծաղ):
ՆԱՏԱԼԻԱ. (Ապշած) Դու կամ խելագարվել ես, կամ ծաղրում ես ինձ։ Դու թե լուրջ ես խոսում և թե ինքդ ծիծաղում ես քո ասածի վրա, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։
ՀԵՐՍԻԼԵ․ Ահ, դժվար է հասկանալ իմ դրությունը, դժվար։ Զգալ է հարկավոր։ Զգալ այն, ինչ որ ես եմ զգում և հետո դատապարտել այն կանանց, որոնք իբր թե առանց լուրջ պատճառի թողնում են իրենց ամուսիններին ու հեռանում։
ՆԱՏԱԼԻԱ. Քանի գնում, այնքան միտքս խառնվում է ու ամեն բան մթնում է աչքերիս առջև։ Հերսիլե, աղաչում եմ, մի տանջիր ինձ, ասա ցավդ։
ՀԵՐՍԻԼԵ. Կասեմ, մամա, կասեմ, դանակն արդեն ոսկրին է հասել, բայց առայժմ թող ինձ ու հեռացիր։ Նա շուտով դուրս կգա իր կաբինետից, իսկ ես չեմ ուզում, որ դուք հանդիպեք իրարու։ Անցիր երեխաների սենյակը, նրանք մենակ են։ Ահա կարծեմ գալիս է, գնա՛ մամա...