Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԳՐԱՏ. Եթե միայն կրակ է։ Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր չունի: Թող պահանջի օրենքով։ Երբ քաղաքացիական դատը կվերջացննեք, մեր կողմից կսկսենք նրա դեմ քրեական դատ։ Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ գերդաստանի պատվի համար:


ԱՆԴՐԵԱՍ. Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ։

ԲԱԳՐԱՏ. Հայր, մանուկ հասակիցս քեզանից անդադար լսել եմ, որ քո հարստությունը վաստակել ես արդար քրտինքով։

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Ասել եմ, ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր։ Այդ տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել։

ԲԱԳՐԱՏ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում։

ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով նրան կանչեն այստեղ։

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է նախասենյակի դռներով):

ԱՆԴՐԵԱՍ. (Նոր միայն նկատում է Մարգարտին, որ ամբողջ ժամանակ, կանգնած ձախ պատի տակ, ուշադիր դիտում է հորը): Աա, դու ակա՞նջ էիր դնում. Տեր աստված, տեր աստված, մի րոպե հանգստություն չունիմ։ Կարծես, ամենքն երդվել են ինձ խելքից հանել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ներիր, հայրիկ, ես հեռանում եմ:

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, դու էլ մի նեղանար։ Ես մեղավոր չեմ. եղբայրդ է ինձ կատաղեցնում։ Բայց ոչ, դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Անչափ վշտացած) Հայրի՜կ...

ԵՐԱՆՈԻՀԻ. Երևում են սեղանատան դռների մեջ:
ՌՈԶԱԼԻԱ.

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱՂԱԹԵԼԻ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ. Կորի՛ր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա։ Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ...