Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ և ՌՈԶԱԼԻԱ


Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից
ԲԱԳՐԱՏ․ (Հուզվել է): Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է։
ՌՈԶԱԼԻԱ․ (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում։ Ինչ ասել կուզի, երևելի սիրահարական նամակներ են— պայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի՜։ (Մոտենում է նայելուն և դիտում իրան):
ԲԱԳՐԱՏ․ (Մտազբաղ, ձեռները մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը): Ասա՛, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ոչ։
ԲԱԳՐԱՏ․ Ինչո՞ւ։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան։
ԲԱԳՐԱՏ․ Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա։
ԲԱԳՐԱՏ․ (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես․․․
ԲԱԳՐԱՏ․ (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ․․․ Ամաչիր կրծքիդ նշանից, Բագրատ։
ԲԱԳՐԱՏ․ (Գրգռվելով) էհ, թո՛ղ այդ դատարկ ֆրազները, ի սեր աստծու։ Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր։ Բայց մենք ասպետների դարում չենք ապրում։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը։
ԲԱԳՐԱՏ․ Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր զաղափարն ունի։ Էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն