Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱՐԵԳԻՆ. Որ այդպես է, ուրեմն, դու սիրում ես նրան։

ՀԵՂԻՆԵ. Ոհ, մի ասիր այդ բանը, մի՛ ասի։
ԳԱՐԵԳԻՆ. Այո, գուցե ես շատ խիստ եմ վարվում քո սրտի փափուկ զգացման հետ։ Բայց ինձ համար ավելի թանկ է քո պատիվը, անունը, վերջապես, քո կյանքը։ Ասա, ուղղակի, իմ առաջարկությունը քեզ վախեցնում է, այնպես չէ՞։
ՀԵՂԻՆԵ. Ոչ... այո․․․ չգիտեմ... բաժանվե՞մ, իսկ զավա՞կս...
ԳԱՐԵԳԻՆ. Նա քեզ կպատկանի, որովհետև անմեղությունը քո կողմն է, իսկ հանցանքը նրա կողմը։ Մենք կապացուցենք ճշմարտությունը։
ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք։
ԳԱՐԵԳԻՆ. Ինչո՞ւ։
ՀԵՂԻՆԵ. Երբեք նա չի կամենա այդ պայմանով բաժանվել։
ԳԱՐԵԳԻՆ. Որովհետև տակավին չի վատնել քո օժիտի մնացորդը, այդպես չէ՞։ Շպրտիր երեսին, նրան այդ է հարկավոր և ոչ դու կամ քո զավակը։ Հարուստ գնացել ես, մերկ վերադարձիր։
ՀՈՌՈՄ․ Մերկ, տե՜ր աստված, ո՞ւր վերադառնա, իր հոր տո՞ւնը, դա խայտառակություն կլինի, ես չեմ կարող դիմանալ, ամոթից կմեռնեմ։
ՀԵՂԻՆԵ. Լսո՞ւմ ես, Գարեգին, ահա ամենադժվար պայմաններից մեկը։ Ոչ, այդ անկարելի է, անկարելի է։ Հասարակությունը ինձ միայն կդատապարտի, իսկ նրան կարդարացնի։ Ես որքան իմ մասին եմ մտածում, այնքան և այս ծեր կնոջ մասին։
ԳԱՐԵԳԻՆ. Ուրեմն վախեցիր հասարակությունից և շարունակիր այդ թշվառ կյանքը։ Ոչ, Հեղինե՛, ես չեմ սխալվում, դու քո ամուսնուն սիրում ես։
ՀԵՂԻՆԵ. Մի մորմոքի իմ սիրտը, եթե մի կաթիլ գութ ունես դեպի ինձ։
ՀՈՌՈՄ. Կառքի ձա՛յն, չլինի՞ թե նա է։
ՀԵՂԻՆԵ. Անշուշտ նա է, սիրտս տրոփում է։
ԳԱՐԵԳԻՆ. (Մոտենալով պատուհանին) Այո, նա է։
ՀԵՂԻՆԵ. Ինչո՞ւ համար է գալիս, ես չեմ կարող նրա երեսը տեսնել։