Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕԼԳԱ. Որտե՞ղ դրիր։

ԱՆՅՈԻՏԱ. Անկյունի սեղանի վրա։
ՕԼԳԱ. Հիմա՛ր, քեզ չասացի՞, դաշնամուրիս վրա դնես։
ԱՆՅՈԻՏԱ. Իսկույն օրի․․․ իշխանուհի։ (Օլգան մոտենում է հայելուն):
ՕԼԳԱ. Կա՛ց։ Նայիր ինձ ամեն կողմից։ (Անյուտան դիտում է նրա շրջազգեստը): Փեշերս լա՞վ են կանգնում, ես հայելու մեջ լավ չեմ տեսնում։
ԱՆՅՈԻՏԱ. Շա՜տ հիանալի է Ձերդ պայծառափայլություն, ոչինչ պակասություն չկա։
ՕԼԳԱ. Լավ, գնա, մանիշակագույն հովհարս բեր իմ սենյակից։ (Անյուտան ուզում է գնալ): Սպասի՛ր։ Ո՞րտեղ է (հեգնորեն) նորին պայծառափայլությունը։
ԱՆՅՈԻՏԱ. Ո՞ւմ մասին եք հարցնում, իշխանուհի։
ՕԼԳԱ. Եղբորս կնոջ մասին։
ԱՆՅՈԻՏԱ. Յուր սենյակումն է։
ՕԼԳԱ. Ի՞նչ է անում այնտեղ։
ԱՆՅՈԻՏԱ. Տխուր նստած է։
ՕԼԳԱ. Տխո՞ւր․ հասկանում եմ, որովհետև այսօր տոնը իմս է։ Ո՞վ կա մոտը։
ԱՆՅՈԻՏԱ. Մայրը։
ՕԼԳԱ. Այն անտանելի պառավը․ ով գիտե, էլի ի՛նչ սատանայություն է սովորեցնում նրան։ Լավ, գնա՛ բանիդ։ (Անյուտան գնում է դեպի ձախ) Աստվա՜ծ, այս ինչ տոն է, սիրտս լիքն է դառնությամբ։ Այո, այսօր քսանվեց տարիս լրանում է, իսկ մայրս ուրիշներին խաբում է, թե քսաներեք տարեկան եմ։ Մինչև ե՞րբ։ Յոթը փունջ եմ ստացել, յոթն էլ երիտասարդներից, բայց ոչ մեկի սիրտը այդ ծաղիկների մեջ չէ։ Մայրս չի սխալվում, մնացել է միայն Սուլիկյանը, էլի նա։ Իսկ նա, տեսնենք այսօր ինչպես կգնահատի ինձ, եթե միայն չխանգարեն։ Ա՜խ, Հեղինե՛, կարծեմ ես չեմ սխալվում։ (Անյուտան վերադառնում է հովհարը ձեռին): Բերի՛ր, գնա, շուտով ասածս կատարիր: (Անյուտան դիմում է դեպի միջին դռները և հետ գալիս
ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհի՛, նա արդեն այստեղ է։