ՋԱՀԱՆԳԻՐ. (Առաջ գալով): Այստեղ եմ, Սամվել աղա։
ՍԱՄՎԵԼ. Ասա տեսնեմ, սրանցից որը որտեղ էր թաքնվել։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Հենց ամենքն էլ մկան ծակեր էին փնտրում, որ թաքնվեն, էլի քիչ թե շատ քաջը ես էի։
ՀԱՅՐԱՊԵՏ. Դու ինձ այն ասա, անպատկառ, այն չինովնիկներին ինչու՞ ես ծեծել։
ԹԱՄԱՐ. Ա՛յ մարդ, դու էլ ժամանակ գտա՞ր։
ՀԱՅՐԱՊԵՏ. Չէ՛, չէ՛, մի ինձ ասա, այդ ի՞նչ խայտառակություն է։
ԼԱԶԱՐ. Ի՞նչ արին քեզ, որ անպատվեցիր նրանց։
ՍԱՄՎԵԼ. Ի՞նչ արին։ Ինձ «արմյաշկա» անվանեցին։
ԼԻԶԱ․ Հենց դրա համա՞ր։
ՍԱՄՎԵԼ. Այո, հենց դրա համար, պարոն ձեթ։
ԹԱՄԱՐ. Քի՞չ բան է։
ՍԱՄՎԵԼ. Կեցցե՛ս, մայրիկ, դու ինձ հասկանում ես։ Օրը ցերեկով հային անպատվեն և ես սու՞ս մնամ։ Չէ՛, Սամվել Շարբաբչյանը դեռ պատվի զգացումից չի զրկվել։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, անզգամ, «արմյաշկան» ի՞նչ անպատվություն է, որ քեզ և մեզ խայտառակում ես փողոցներում։
ԼԱԶԱՐ. Եվ ավելորդ ծախսերի տակ գցում մեզ։
ՀԱՅՐԱՊԵՏ. Նիժնիյ-Նովգորոդում ինձ հազար անգամ արմյաշկա են ասել, այնումս էլ չեմ գցել։
ՍԱՄՎԵԼ. Եվ շատ վատ ես արել, հայրիկ, շատ վատ։
ՍԵՐԺ. Ասոծ կա, հենց երեկ մեկն արմյաշկա ասաց։
ՍԱՄՎԵԼ. Գնա դեն, «ասոծ կա, ասոծ կա»։ Դու ի՞նչ մարդ ես, կոմպոզիտոր... Ը՜հ, տուտու՜ց։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, հերիք է, քիչ կծիր սրան նրան կատաղի շան պես։
ԹԱՄԱՐ. Բերանը բաց մի անեք, չի կծիլ։ Ի՜նչ է այդ, ամեն օր խեղճ տղան տուն է գալիս թե չէ հարձակվում եք վրեն։
ԼԱԶԱՐ. Որովհետև, օր չի անցնում, որ մի խայտառակ բան չանի։ Սկանդալիստ...
ՍԵՐԺ. Շառլատան...
ՍԱՄՎԵԼ. (Ոտը հատակին զարկելով, Սերժին): Փի՛շտ։
ՍԵՐԺ. (Վախեցած եա է կանգնում):
ՍԱՄՎԵԼ. (Ծիծաղելով): Դրան նայեցեք, աստված սիրեք, կասես