հայ աղքատ դրամատուրգիայի ասպարեզում իր ուժերը փորձող երիտասարդ գրողի նկատմամբ։ Ավելին, գույները ակնհայտորեն խտացված էին, չէին նկատված դրամայի որոշ կենդանի էջերը, հաջող դիալոգները, քննադատական առողջ տենդերները։ Կատարելով դրամատիկական երկերի մի խիստ բռնազբոսիկ կլասիֆիկացիա, Արծրունին «Իշխանուհին» դուրս էր գնում բոլոր տեսակներից: Համեմատաբար մեղմ էին խոսում «Տարագը» (1891 թ., № 48) և «Մուրճը» (1891 թ., № 12)։ Ցույց տալով դրամայի լուրջ թերությունները (բեմականության պակասը, գործողության թուլությունը) — նրանք աշխատում էին համոզիչ տոնով ազդել հեղինակի վրա։
«Իշխանուհու» շուրջը ծավալված քննադատությունը ծանր տպավորություն թողեց երիտասարդ գրողի վրա, որը շտապել էր գրական և բեմական լուրջ թերություններ ունեցող դրաման բեմ հանել (թեև պետք է ասել, որ հենց այդ վիճակում էլ դրաման կարող էր օգտակար լինել ինքնուրույն աղքատ խաղացանկ ունեցող մեր բեմի համար)։ Շիրվանզադեն չլռեց։ Նա գրեց «Իմ կրիտիկոսներին» հոդվածը, որը հայ գրական քննադատության լավագույն էջերից մեկն է: Երիտասարդ գրողը, տեսական լուրջ վեճ բացելով Արծրունու հետ, ցույց տվեց նրա կլասիֆիկացիայի արատները, քննադատեց մեխանիկական այն բաժանումը, որն ըստ էության ուղղված էր իսկական գրականության ու արվեստի դեմ: Արծրունին գտնում էր, որ դրամատուրգիան բաժանվում է երեք խմբի— պիեսներ, որոնք տալիս են կյանքը ֆոտոգրաֆիկական ճշտությամբ, պիեսներ, որոնց նպատակն է ցույց տալ կյանքը ոչ թե այնպես, ինչպես նա կա, այլ ինչպես պետք է լիներ և, վերջապես, պիեսներ, որոնց մեջ մի որոշ տենդենցիա կա, և որոնք բողոքում են հասարակական անկատար կազմակերպության դեմ։ Շիրվանզադեն զանում էր, որ «Գեզարվեստական գրականության քննադատությունը պետք է հիմնվի գրվածքի ներքին բովանդակության վրա։ Հնարել բաժանումներ, դնել գրականությունը մի նեղ շրջանակի մեջ և ասել թե նա պետք է անպատճառ սահմանափակվի այդ շրջանակով, կնշանակե շատ թյուր հասկացողություն ունենալ նրա մասին»։ Շիրվանզադեն ընդգծում է, որ ֆոտոգրաֆիան չի կարող արվեստ լինել, որ իսկական ռեալիստական գրականությունը գործ ունի մեծ ընդհանրացումների հետ, իսկական երկը խոր պատկերելով կյանքը, ինքնըստինքյան հարուցանում է բողոք կյանքի արատների դեմ և տալիս է իդեալներ գալիքի համար, կյանքը փոփոխելու նպատակով։ Այնուհետև, հենց այդ տեսանկյունից Շիրվանզադեն չի ընդունում Գրիգոր Արծրունու այն տեսակետը, թե «Իշխանուհու» գլխավոր հերոսները բացառիկ են, չափազանցված, հրեշ են և հրեշտակ։ Շիրվանզադեն կարծում է, որ կյանքի արատները ցույց տալու և հավաքական տիպեր ստեղծելու համար անպայմանորեն անհրաժեշտ է խնայել և ընդգծել կերպարները, որպեսզի հասարակական կյանքի արատն ավելի ընդգծված երևա:
Բանավիճելով Գր. Արծրունու հետ, Շիրվանզադեն անտես չի առնում նաև իր դրամայի թերությունները, «Ես շատ հեռու եմ իմ «Իշխանուհին» մի անսխալ գրվածք համարելու հավակնությունից, նա ունի բեմական շատ թերություններ, որոնք միմիայն ներկայացման ժամանակ այցի ընկան, և