Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈՌՈՄ. Ասա՛։

ԱՆՅՈԻՏԱ. Այսօր երեխային պե՞տք է տանել հոր տունը:
ՀՈՌՈՄ. Երեխայի՞ն, այո, մոռացել էի։
ԱՆՅՈՒՏԱ. Նրանք երկու օրով են տվել, իսկ այսօր հինգերորդ օրն է։
ՀՈՌՈՄ. Թեկուզ հինգերորդ տարին, ի՞նչ կա, երեխան իր մոր մոտ է։
ԱՆՅՈԻՏԱ. Օօ՜, եթե իմանաք իշխանուհու սկեսուրը ինչպես կատաղած է։ Երեկվանից դեռ չորս անգամ մարդ է ուղարկել, խաբելով ճանապարհ եմ դրել։
ՀՈՌՈՄ. Անաստվածնե՜ր, բավական չէ աղջկաս խայտառակեցին ամբողջ քաղաքում, երեխային էլ են խլում ձեռքից։ Արդա՜ր աստված, դու նրանց դատն անես։
ԱՆՅՈԻՏԱ. Աստված արդեն նրանց սկսել է պատժել։
ՀՈՌՈՄ. Ե՞րբ, ինչպե՞ս։
ԱՆՅՈԻՏԱ. Տիրուհի, ներեցեք, ես առաջ ձեր աղջկան չէի սիրում, բայց երբ ճանաչեցի նրան, օօ՜, շատ սիրեցի, Բեգմուրյաններին թողի ու նրա հետ եկա այս տուն: Հիմա երբեմն դնում եմ նրանց ծառաների մոտ։ Սիմոնը ամեն բան պատմում է ինձ։ Իշխանը սնանկացել է, ծառաների ամսականը չի վճարում, կառապանը դուրս է եկել, ուզում են ձիերը և կառքը ծախեն։ Օլգան ամեն օր լաց է լինում, իսկ պառավ իշխանուհին անդադար հայհոյում է մեր իշխանուհուն։
ՀՈՌՈՄ. Իսկ ի՞նքը, իմ անանուն փեսա՞ն։
ԱՆՅՈԻՏԱ. Նրա մասին մի՛ հարցնեք։ Բոլորովին փչացել է, հիմա էլ ասում են մեր իշխանուհու տված նվերներն է ծախում ու շռայլում։
ՀՈՌՈՄ. Ուրեմն հույս չկա՞, որ նա մի օր խելքի կգա։
ԱՆՅՈԻՏԱ. Ի՞նչ, մի՞թե այսուհետ և դուք հույս ունեք։
ՀՈՌՈՄ. Օօ՜, ես ինքս էլ չգիտեմ ինչ եմ ասում։ (Միջին դռներից գալիս է Զարբաբյանը):
ԱՆՅՈԻՏԱ. (Մեկուսի) էլի եկավ այս խրտվիլակը։ Ամեն օր գալիս է ու չար լուրերով ցավ ավելացնում։ (Գնում է դեպի ձախ):