Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 1

ՏԻԿ. ՄԱՐԹԱ և ԵՐՄՈՆԵ

Վարագույրը բարձրանալիս Երմոնեն անձեռոցիկով մաքրում է բազկաթոռները, իսկ տիկ. Մարթան բրոնզյա լամպարի մոտ նստած կարդում է ինչ-որ գիրք.

ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Շուտ արա, գործդ վերջացրու, ութ ժամից անց է, սամովարը կուշանա։

ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ չի ուշանա։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. էլի հակառակեցի՞ր, ախար հայ ես է։
ԵՐՄՈՆԵ. Հայն ի՞նչ է որ...
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Հայը գոռոզ է, կոպիտ է, հակաճառող։
ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ հակառակող չէ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (ժպտալով) Դե լավ, գնա սամովարի հոգս տես, թե չէ կբարկանամ։
ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ չես բարկանա։ Գնում եմ։ (Գնում է ձախ կողմի խորքի դռներով սեղանատուն: Ձախ թևի ավանսցենայի կողմի դռներից, ննջարանից դուրս է գալիս Եվգինեն):

ՏԵՍԻԼ 2

ՏԻԿ. ԵՎԳԻՆԵ և ՏԻԿ. ՄԱՐԹԱ

ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Երեխան քնե՞ց։

ԵՎԳԻՆԵ. Վերջապես քնեց։ (Նստում է դաշնամուրի մոտ երեսը դեպի Մարթան: Լռություն): Տեր աստված, ինչքան տխուր է առանց Միհրանի։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Գիրքը ծալելով և ծնկան վրա դնելով) Մի կես ժամ ուշացավ, էլի տխրեցի՞ր։ Ախ, սիրահարներ, սիրահարներ, շուտով ձեր ամուսնության տասնչորս ամիսը կլրանա, էլի կարծես, երեկ եք պսակվել։ Այդպես չի կարելի, մի քիչ պակասեցրեք ձեր կրակը (Ժպտում է):
ԵՎԳԻՆԵ. Միթե ուրա՞խ չես, որ եղբայրդ սիրվում է։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ընդհակառակը։ Քեզ շատ լավ հայտնի էք թե որքան թանկ է ինձ համար Միհրանի բախտավորությունը։ Սիրիր նրան, Եվգինե, նա հազվագյուտ մարդ է։