Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՆԱ. Գլխացավս կբռնի, ոտք ու ձեռքս կթմրին։

ՄԱՆԱՆ. Նազ մի՛ արա, կապուտաչ։
ԽԱՉԻԿ. Մեր ամենից դու ես լավ համ թաքնվում, համ վազում։
ԶԱՌԻԿ. Քեզ գտնելը դժվար է։
ՄԱՆԱՆ. Քեզ բռնելը հունար է։
ԶԱՌԻԿ. Հաստ Մանիկը կքրտնի։
ՄԱՆԱՆ. Կաղ Զառիկը կհոգնի։
ԽԱՉԻԿ. Դե շո՛ւտ արեք, շո՛ւտ արեք, երեսներդ շուռ տվեք, աչքերդ պինդ ծածկեցեք։
ԱՄԵՆՔԸ՝ ԲԱՑԻ ՍՈՆԱՅԻՑ. (Երեսները ձեռներով ծածկում են, ծիծաղելով):
ՍՈՆԱ. (Մի քանի անգամ պտտում է իր ընկերների շուրջը): Ես այստեղ եմ, այնտեղ եմ։ Ո՛չ այստեղ եմ, ո՛չ այնտեղ։ Տեսեք, տեսեք, նստեցի, ձյունը տեսա մրսեցի։ Թռչուն ունիմ սպիտակ, կտուց ունի կապուտակ։ Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, կանչում է, շունը վրեն հաչում է։ (Լռում է: Համ քայլերով հեռանում է և բավական ժամանակ թաքստի տեղ փնտրում: Վերջապես, թաքնվում է ցանկապատի հետևում՝ դեպի ձախ): Դե, աչքներդ բաց արեք, եկեք, եկեք, դես վազեք, թե կարող եք՝ ինձ գտեք։
ԱՄԵՆՔԸ. (Երեսները բաց են անում, մի քանի վայրկյան անշարժ աջ ու ձախ նայում, ապա ցրվում են զանազան կողմեր՝ Սոնային գտնելու):
ԶԱՌԻԿ. (Գնում է դեպի ձախ): Այստեղ չէ։
ՄԱՆԱՆ. (Գնում է Դեպի աջ): Այստեղ չէ։
ԽԱՉԻԿ. (Բաց է անում ձախ կողմի տնակի դուռը, նայում է): Այնտեղ չէ։
ԶԱՌԻԿ. (Գնում է խորքը): Այստեղ չէ։
ՄԱՆԱՆ. Չկա։
ԽԱՉԻԿ. Չկա։
ՍՈՆԱ. Աո՜ւ, աո՜ւ։
ՄԱՆԱՆ. Ձայնը կա, ինքը չկա։
ԶԱՌԻԿ. (Վազում է դեպի խորքը): Այ, ես գտա, լավ գտա։ Այ, ես ընկա, լավ ընկա։ (Ընկնում է ու իսկույն վեր կենում):