Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտները ծածկում են մինչև սրունքները: Կուրծքը կիսաբաց է, թավամազ):

ԵՐԵԽԱՆԵՐԸ. Գիժ-Դանիելը, Գիժ-Դանիելը։(Փախչում են այս ու այն կողմ):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սազը նվագելով երգում է):
է՜յ ժողովուրդ, երգս լսեք,
Ես բյուլբյուլ եմ Գյուլստանի բաղերից․
է՜յ ժողովուրդ, դարդս լսեք,
Ես բայղուշ եմ Դաղստանի ժայռերից։
Բալաս մնաց քարերի տակ,
Մինիկ բալաս, մարալի պես գեղեցիկ,
Մազեր ուներ ոսկե թելեր,
Աչեր ուներ կապույտ-կապույտ խոշորիկ։
Է՜յ ժողովուրդ, երգս լսեք,
Ես բյուլբյուլ եմ Գյուլստանի բազերից.
է՜յ ժողովուրդ, դարդս լսեք,
Ես բայղուշ եմ Դաղստանի ժայռերից։
ՍՈՆԱ. (Գլուխը հանդարտիկ բարձրացրել է և ապուշ հայացքով նայում է աջ ու ձախ):
ԽԱՉԻԿ․ (Որ փախել էր դեպի ավանսցեն, վախենալով մոտենալ, բարձր ձայնով)։ Դանիել ապեր, Դանիել ապեր, Սոնան ընկավ, այ տես, տես։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Դադարել է երգել ու նվագել): Պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ։
ԽԱՉԻԿ․ Նա խեղճ է, ձեռ մի՛ տուր։ Ուշքը գնացել է։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սոնային մոտենալով): Հա՞ա, ընկե՞լ ես։ Ո՞վ ես։ Նա ընկած էր մեջքի վրա, արևի տակ, ձեռները կրծքին։ Ճակատից արյուն էր գալիս աղբյուրի պես։ (Թեքվում է և ուշադիր նայում է Սոնայի երեսին: Շոշափում է նրա մազերը, ավելի խոր դիտելով):
Երկարատև լռություն:
ՍՈՆԱ. ույլ ձայնով): Գլուխս ցավում է։
ԵՐԵԽԱՆԵՐ․ (Մինչ գիժ-Դանիելը դիտում է Սոնային, միմյանց նշաններ անելով, խրախուսվում են ու խմբվում միասին: Հետո կամաց-կամաց մոտենում են Գիժ-Դանիելին ու Սոնային):