Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ. (Ցնցվելով): Ընկա՜վ։

ԶԱՌԻԿ․ (Ցույց տալով հողաթումբը): Այ, այնտեղ։
ՄԱՆԱՆ. Կապտեց լեղակի պես։
ԶԱՌԻԿ. Խռխռում էր վիզը կտրած հավի պես։
ՄԱՆԱՆ. Բերանը փրփուր էր կապել։
ՇՈՒՇԱՆ. (Հետզհետե սարսափն ավելի ու ավելի է սաստկանում: Ձեռները թուլանում են, հացերն ընկնում են կռնատակից: Հուսահատորեն): Թոնիր ընկներ նրա մայրը, խորովվեր, չտեսներ նրան այդ օրում։ (Խեղդված ձայնով): Բեր այստեղ, Դանիել ախպեր, դիր սաքուի վրա։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Խնամքով բերում է Սոնային և դնում թախտի վրա): Թողեք Մանիշակս հանգստանա։
ՇՈՒՇԱՆ. Սոնա է անբախտի անունը։ (Պառկեցնում է Սոնային մինդարի վրա):
ՍՈՆԱ. Մամա ի՞նչ է պատահել։
ՇՈՒՇԱՆ. Ոչինչ, բալաս, ոչինչ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ․ Քնել էիր, Մանիշակս, արևի տակ, հողի վրա, էյ, սազս։
ԽԱՉԻԿ. (Սազը վերցնում, տալիս է Գիժ-Դանիելին: Հացերը գետնից վերցնում է ու դնում թախտի վրա):
ՇՈՒՇԱՆ. (Երեխաներին): Գնացեք, բալաներս, գնացեք ձեր տները։ Սոնան ոչ կապտել է, ո՛չ փրփրել։ Սուտ է։ Ոտը քարին է դիպել, ընկել է։ Էէ, ո՞վ չի ընկնում ձեզանից։ Այնպես չէ՞, Դանել ախպեր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Նա քարերի տակ էր ընկել, կոճերի տակ, հողի տակ։ Եկա տեսա։ Տեսա, մռնչացի։ Գազան էի։ Երկինքը փուլ եկավ գլխիս, երկիրը պատռվեց ոտներիս տակ։
ՇՈՒՇԱՆ. Դե՛, գնացեք, գնացեք։
ԵՐԵԽԱՆԵՐ. (Տխուր ու դանդադ գնում են աջ կողմով):


ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ առանց երեխաների


ՇՈՒՇԱՆ. Դանիել ախպեր, դու մեզ ճանաչում ես։ Ես Նալբանդ Ոսկանի կնիկն եմ, հացթուխ Շուշանը։ Աստծու սիրուն, ինչ որ տեսար, մեր մեջ մնա։