Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՏԹԵՈՍ. Ինչո՞վ ես թռչում։


ԳԵՎՈՐԳ. Աերոպանով։

ՄԱՐԻԱՄ․ Օհո՜, այդ լավ է։

ԳԵՎՈՐԳ. Մոսկվայից եկել է մի թռչող։ Նա կիրակի օրը պիտի թռչի։ Հայտարարել է, որ կարող է իր հետ մեկին վերցնել։ Ես խոսեցի հետը և համաձայնվեց երկու հարյուր ռուբլով ինձ թռցնել։

ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն, կիրակի օրը դու կաշխատես երկու հարյուր ռուբլի՞։ Այդ լավ է։

ԳԵՎՈՐԳ. Ոչ, պապա՛, ընդհակառակը, ես պիտի նրան տամ երկու հարյուր ռուբլի։

ՄԻՔԱՅԵԼ․ Օհո, այդ լավ է։ Խերով բան ասացիր։

ՄԱՐԻԱՄ․ ժորժ, Ժորժ, ինձ էլ հետդ վերցրու։

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, ճիպուռ, դու ո՜վ ես, որ երկինք թռչես։ Ես այսքան տարվա մարդ եմ, մի արշին էլ վեր թռչել չկարողացա, հիմա դու պիտի՞, հեե՞, ով գիտի, ուր բարձրանաս։ Գնա կորիր, հըռըլհոփ...

ԳԵՎՈՐԳ. Պապա, մի մեծ բան չէ։ Եթե կամենաս, դու էլ կարող ես թռչել։

ՄԻՔԱՅԵԼ. Հաա՜, ո՛նց չէ, կարող եմ։ Հանկարծ որ գլուխկոնծի տա՞մ։

ԳԵՎՈՐԳ. Կարող են քեզ կապռտել։ Ինձ էլ կապռտելու են։

ՆԱԶԱՆԻ. Որ ինձ խեղդեն էլ, քեզ չեմ թողնի թռչելու։

ԳԵՎՈՐԳ. Մամա, մի վախենար ոչինչ չի պատահի։

ՀՄԱՅԻԼ. Մամա, թող, լավ բան է, պարծանք է մեզ համար։

ՄԱՐԻԱՄ. Իհարկե, պարծանք է թռչող եղբայր ունենալ։

ՄԻՔԱՅԵԼ. Աստված, երկինք, ոչինչ չեմ հասկանում։ Քույր այստեղ ոտները գցել է տոպրակի մեջ այնպես, որ երկրի վրա ման գալ չի կարողանում, եղբայրն ուզում է երկինք թռչել։ Խելքս բան չի կտրում։

ԳԵՎՈՐԳ. Ուրեմն, պապա՛, կտա՞ս երկու հարյուր ռուբլի։

ՄԻՔԱՅԵԼ. Չէ, բալեն կծեմ, չէ։ Ես երկնքին ոչինչ պարտական չեմ, որ փող ուղարկեմ այնտեղ։ Հեռացիր աչքիցս։

ԳԵՎՈՐԳ. Պապա՛, խնդրում եմ։

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով)։ Ձայնդ կտրիր, ասում եմ։ Անեծք քեզ, չար սատանա, հաա՜։