Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեցոսոպրանո, բասո-դեսկանտո, կոնտրալտո֊լիրիկս , մի խոսքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու տիրացու:

ՄԱՏԹԵՈՍ. Այդ քո խելքի բանը չէ։

ԳՐԻԳՈՐ. (Դառնալով Մարիամին): Խորին հարգանքներս և յոթանասուն հազար ծաղկյա փնջեր ու դափնյա պսակներ նշանավոր ջութակահար մադմազել Մարիամ Մելիք-Բուռնությանցին, փը՜ռռ։ (Փռթկալով ծիծաղում է):

ԳԵՎՈՐԳ. Դու ամենքին ծաղրում ես։

ԳՐԻԳՈՐ. Օհո՛, Կոկո՞ս, մազերդ այս անգամ անգլիացու նման ես սանրել։ Ինձ ասացին, որ դու ուզում ես երկինք թռչել։ Լավ ես մտածել։ Գնա ծտերից մի քիչ խելք բեր քեզ համար։

ՄԻՔԱՅԵԼ. Թըրըխկացրու, թըրըխկացրու ամենքին, տեղն է։

ՆԱԶԱՆԻ. Ամալյա, Մերի, Մատվեյ, Ժորժ, ուշ մի՛ դարձրեք Գրիշայի ասածներին։ Նրա լեզուն կապ չունի։

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ։ Ամալյա։ Հմայիր։ Մերի՞։ Մարիամ։ Մատվե՞յ: Մատթեոս, այն էլ Թեոս. ժո՞րժ, Գևորգ։ Գրիշա՞։ Գրիգոր, Գյուքի։ Այստեղ մտիկ արեք։ Անուներն էլ են փոխել։ Մասխաբաներ։

ՄԻՔԱՅԵԼ. Թրըրխկացրու, որդի, թըրըխկացրու։

ԳՐԻԳՈՐ. Այո, կթըրրխկացնեմ, հայրիկ, քեզ էլ, որովհետև օրինակը դու ես տվել։ Դու բուռնոթի ծախողանց Մուքելը 'չէի՞ր առաջ։

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս։

ԳՐԻԳՈՐ, է՛է՛, լա՛վ, Մուքել էիր, Մուքել էլ կմնայիր էլի։ Ին՞չ ես դարձել Միխայել Պավլովիչ։ Դեռ ազգանունդ էլ ես փոխել։ Մելիք-Բուռնությանց։ Ասա, խնդրեմ, բուռնութին, քթախոտն էլի, քթախոտը, որ պառավներն այսպես քաշում են ու փռշտում, բուռնոթին կարող էր Մելիք լիներ։ Հարցրու ում ուզում ես, կարո՞ղ էր։

ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, համր մի՛ տանիր։ Ես ասացի դրանց թըրըխկացրու, ոչ թե ինձ։

ԳՐԻԳՈՐ. Լավ, էլ չեմ թըրըխկացնի, բայց մի բան ասեմ, հայրիկ, չնեղանաս։

ՄԻՔԱՅԵԼ. Հըը, ասա, երևի դու էլ փող ես ուզելու