Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 14

ՄԻՔԱՅԵԼ. ՄՈՒՇԵՂ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆՑ և ԳՐԻԳՈՐ, վարագույրի ետևում

ՄՈՒՇԵՂ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով: Մոտ 50 — 55 տարեկան տղամարդ է, սափրված երեսով, թանձր բեղերով: Հագած է լայն ու երկայն սյուրտուկ և լայն պանթալոն): Բարև՛ ձեզ, Միխայել Պավլովիչ։

ՍՈՖԻԿ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով և գնում է խորքի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. Բարո՛վ, պարո՛ն Մուշկամբարյանց։ Հը՛, չլինի՞ թե ուշացել եմ։

ՄՈՒՇԵՂ. (Նայելով յուր ժամացույցին): Ոչ, դեռ ժամանակ ունենք։ Ես դիտմամբ վաղ եկա, որ ձեզ հետ մի քիչ զրույց անեմ։

ՄԻՔԱՅԵԼ. Հրամայեցեք։ (Հրավիրելով հյուրին. նստել, ինքը ևս նստում է սեղանի քով): Մին ինձ ասեք տեսնեմ, ես ի՞նչ պիտի անեմ այսօր։ Ես ձեր կարգ ու կանոնը չգիտեմ։

ՄՈՒՇԵՂ. (Ժպտալով): Ինչ պիտի անե՞ք։ Դուք անելու եք այն, ինչ որ մինչև այսօր չի կարողացել անել մեզանից ո՛չ ոք։

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո՜, շատ թունդիցն է սկսում։ Տեսնենք։

ՄՈՒՇԵՂ. Բանն այն է, մեծարգո Միխայել Պավլովիչ, որ մեր հարուստներն առհասարակ չեն հետաքրքրվում մեր ազգային ու հասարակական կյանքով։ Ճշմարիտ է, դրամ տալիս են, բայց իրենք անձամբ չեն մասնակցում գործերին։ Ահա այս տեսակետից ձեր հասարակական և ազգային գործունեության ասպարեզը ոտ դնելը մի մեծ տոն է մեզ համար։ Ինչո՞ւ։ Որովհետև ձեզ նման մի մարդ իր բնական ձիրքով, խելքով, փորձառությամբ և հմուտությամբ կարող է ավելի մեծ օգուտներ բերել թե ազգին առհասարակ և թե՛ մեր ընկերությանը մասնավորապես, քան օրինակ մի հինգ֊տասը համալսարաննականներ։

ՄԻՔԱՅԵԼ. Ձեռքիցս եկածը չեմ խնայիլ:

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Տեսե՜ք, տեսե՜ք։