Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Զայրանալով): Լիդիա, դու խելագարվում ես։ Ես քեզ արգելում եմ խոսել այդ լեզվով։

ԼԻԴԻԱ. Մի վախենար, սիրուհի դառնալու համար էլ շնորհք է հարկավոր։ Ես ոչ այդ շնորհքն ունեմ և ոչ էլ մի բացառիկ գեղեցկություն։ Ես դժբախտ եմ։ (Նստում է բազկաթոռի վրա և հեկեկում է):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Մի քանի վայրկյան լուռ նայում է, ապա մոտենում է ու գրկում Լիդիայի գլուխը): Լիդիա, Լիդիա, հանգստացիր, շուտով կանցնեն այդ դժվար օրերը։ Համբերիր մի փոքր էլ, և մենք նորից կլինենք առաջվա պես...
ԼԻԴԻԱ. (Ընդհատելով) : Նորից կլինենք... հարուստ, այնպես չէ՞։ Այո, պապան իր հանքերը կծախի և կդառնա միլիոնների տեր։ Մամա, դու էլ, պապան էլ, Ժորժն էլ թողեք այդ հույսերը... ոչ մի անգլիացի կամ ամերիկացի այնքան հիմար չէ, որ գա ու ձեր դատարկ թղթերը գնե։ Բացի դրանից, զուր եք երևակայում, թե այնտեղ, Ռուսաստանում, նախկին կարգերը, վերականգնվելու են։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, ամեն բան վերջացած է, մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր երկիրը...
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Մորեղբորդ խոսքերն ես կրկնում։
ԼԻԴԻԱ. Այո, որովհետև մեր էմիգրացիայի մեջ նա գուցե միակ առողջամիտ մարդն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես իսկի մտադիր էլ չեմ վերադառնալ Ռուսաստան: Խելագարվե՞լ եմ, որ գնամ ընկնեմ այդ դժոխքի մեջ։ (Կողմ): Մանավանդ հիմա։
ԼԻԴԻԱ. Իսկ ես այդ դժոխքում ավելի հաճույքով կապրեի, քան այս արքայության մեջ, եթե թույլ տայիք ինձ գնալու։ Այնտեղ կարող էի գոնե դասերով պարապել։
ՄԱԳԱԹԱՂԻՆԵ. Լավ, բավական է ինչքան արյունդ պղտորեցիր... Մեր հույսերն այժմ մեր հանքերի վրա չեն, հասկանո՞ւմ ես, մենք ուրիշ տեղից ենք սպասում հարստություն և այն էլ մեծ հարստություն, եթե իմանաս, ուրախությունից կթռչկոտես։
ԼԻԴԻԱ. Կկամենայի գիտենալ, որտեղի՞ց եք սպասում այդ մեծ հարստությունը։