երբեմն փրկում էլ է։ Բայց խաղալու համար փող է հարկավոր, որ ես չունեմ։ Այսօր հորիցս մի քանի հարյուր ֆրանկ գջլելու համար ես հնարեցի, թե ամուսնանում եմ Մորգանի քրոջ աղջկա հետ և շուտով միլիոնատեր եմ դառնալու իմ կնոջ օժիտով։ Մորգան անունը ծերունուն հարբեցրեց։ Նա հավատաց իմ ստին և այժմ իրեն արդեն Մորգանի խնամի է համարում։ Բայց, միևնույն ժամանակ, նա պահանջեց, որ ես նրան ծանոթացնեմ հարսնացվիս կամ նրա ծնողների հետ։ Որտե՞ղ գտնեի նրանց։ Ճարահատյալ խոստացա առայժմ նրան ծանոթացնել երևակայական հարսնացվիս երևակայական մորաքրոջ հետ։ Նատաշա, սիրելիս, եղիր մի երկու ժամով դերասանուհի, կատարիր այդ մորաքրոջ դերը։
ՆԱՏԱՇԱ. Կկատարեմ։ Բայց ի՞նչ օգուտ պիտի ունենաս դրանից։
ԺՈՐԺ. Նատաշա, դու հրապուրիչ կին ես, մանավանդ մի ծերունու համար։ Գրավելով հորս, դու կհամոզես նրան այս գիշեր, որ ինձ տա գոնե մի երկու հազար ֆրանկ։ Նատաշա, ես ուրիշ ելք չունեմ, ես պետք է այս գիշեր խաղամ և հավատացած եմ, որ տանելու եմ։
ՆԱՏԱՇԱ. (Ոգևորելով): Բրավո, բրավո, սքանչելի է մտածված։ Խաղում եմ հարուստ ամերիկուհու դերը, եթե ոչինչ էլ, գոնե հետո մի լավ կծիծաղենք։ Բայց սպասիր, ես անգլերեն լավ չգիտեմ, ի՞նչպես կարող եմ կատարյալ ամերիկուհի դառնալ։
ԺՈՐԺ. Ի՞նչ, դու կարծում ես, որ իմ պատվելի պապաշան Օքսֆորդի համալսարա՞նն է ավարտել։ Դու նրա հետ կխոսես հայերեն լեզվով։
ՆԱՏԱՇԱ. Մորգանի քույրը հայերե՞ն։
ԺՈՐԺ. Ինչո՞ւ չէ. չկա՞ն հայերեն խոսող ամերիկուհիներ։
ՆԱՏԱՇԱ. Հասկացա, հասկացա, կարելի է…
ԺՈՐԺ. Միայն պետք է մի քանի անգլերեն բառեր խառնել։
ՆԱՏԱՇԱ. Գիտեմ, գիտեմ, yes, yes, thank you wery much․ (իյես, իյես, տանք յու վերի մաչ)։