Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. Ես էլ եկել եմ խնամուս հետ մի քիչ զրույց անելու: Դե, ծանոթացեք, խնամի, սա իմ աղջիկն է:


ՆԱՏԱՇԱ. (Տեղից չշարժվելով, շատ թեթև գլուխ է տալիս):

ԼԻԴԻԱ. Ի՞նչ ասացիր, պապա, խնամի՞: (Ուշադրություն չդարձնելով Նատաշայի վրա):

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, թե ուզում ես, նստիր մի բաժակ շամպանսկիյ անուշ արա: (Սերյոժային): Հըը, մեր տղա, ո՞նց ես կոնծել, ածե՞մ:

ՍԵՐՅՈԺԱ. (Ծիծաղը զսպելով): Շնորհակալ եմ, նեղություն մի քաշեք:

ՊԵՏՐՈՍ. Խնամի, խե՞ լռեցիր, քեփ արա: Սուս կենալը չի սազում ամերիկուհուն:

ԼԻԴԻԱ. Պապա, ինչե՞ր ես ասում, ի՞նչ խնամի, ի՞նչ ամերիկուհի, դա այս ռեստորանի պարուհի ու երգչուհի Նատաշան է:

ՊԵՏՐՈՍ. Աղջի, տազ արա է: Նա իմ էլ խնամին է, քոնն էլ, մորդ էլ:

ԼԻԴԻԱ. (Սերյոժային): Լսո՞ւմ եք, Սերյոժա, հայրս կարծեմ, հարբել է: Պապա, ազատիր ինձ այդ տեսակ խնամիներից: Այդ կինն է, որ փչացրել է իմ մարդուն էլ, քո որդուն էլ: (Նատաշային): Այնպես չէ՞, ասա: Տեսեք ինչպես է փքվել: