ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Տեսարանը ներկայացնում է Ալադյանների ամառանոցը: Մի գեղեցիկ պարտեզ: Աջ[1] կողմը ամառանոցի լայն և երկայն պատշգամբ է երեք-չորս աստիճան սանդուղքով դեպի պարտեզ: Խորքը երկաթյա ցանկապատ է, որի մեջտեղում, բեմի կենտրոնի ուղղությամբ, մի դռնակ: Ձախ կողմը ներկայացնում է վարդի թփերի և ուրիշ ծաղիկների շարք, որ նշանակում է, թե պարտեզը շարունակվում է: Թփերի մեջտեղում մի փոքրիկ շատրվան: Բեմի խորքում, աջ անկյունում, մի համակ է կապած, որի վրա գցած է մի մեծ գույնզգույն ասվյա վերմակ, որպիսին գործ են ածում կառքի համար, մի անկազմ գիրք և մի քանի լրագիրներ: Խորքի ցանկապատի հետևը փողոց է, հետո կանաչազարդ դաշտ, այնուհետև անտառ, անտառազարդ լեռներ, ժայռեր, ձորեր, հեռու ձյունապատ գագաթներ:
Բեմի կենտրոնում, մի քիչ դեպի ձախ, դրած է ճաշի սեղան, ծածկված ձյունափայլ սփռոցով: Սեղանի մի անկյունում դրած են իրար վրա ափսեներ:
- ↑ «Աջ ու ձախ», ինչպես «առաջին, երկրորդ» ընդունել հանդիսականների կողմից