Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— մի քիչ խելք, մի միջակ եռանդ և մի թեթև դաշինք խղճի հետ։ Երկուսն ունեի, երրորդը չկարողացա ունենալ։

Գնացքն ընթանում էր շատ դանդաղ։ Մի տարի չկար, որ երկաթուղու գիծը շինվել էր, մեքենավարը վախենում էր հնարավոր արկածներից, նամանավանդ որ նախընթաց ապրանքատարը խորտակվել էր։ Մերթ ընդ մերթ գնացքը կայարանին չհասած կանգ էր առնում, չգիտես ինչու, և, երբ նորեն շարժվում էր, հևում ու թառանչում էր, ինչպես մի զառամյալ ծերունի սրտի հիվանդությունից։

Ամբողջ գիշեր չկարողացա քնել թե տոթից և թե խառնիխուռն մտքերից, որոնց առանցքն ապագայի անորոշությունն էր։

Առավոտյան տեսարանը փոխվեց։ Մուղանի անապատն անցել էինք։ Աջ ու ձախ երևաց բուսականություն, որին կարոտել էին իմ աչքերն ութ տարի՝ չոր ու ցամաք Բաքվում ապրելով։

Եվլախ կայարանում մեր վագոնը մտավ մի շատ գեր մարդ, մի մեծ խուրջինի տակ տնքալով։ Նա մոտեցավ իմ նստարանին, մի ծուռ հայացք գցեց նախ երեսիս, ապա ինձ վրա. խուրջինն ուսերից վար դրեց և նստեց իմ դեմուդեմ և կամ, ճիշտն ասած, թավալվեց բամբակի պարկի պես։

— Փուհ, փահ, փուհ,— արտասանեց նա և, ֆուրաժկան վերցնելով, նետեց մի կողմ ու երեսի քրտինքը սրբեց սփռոցի չափ մի մեծ գունավոր թաշկինակով։

Հետո նա, իր հաստ բեղերը շփելով, ասաց․

— Բարով։

— Աստծու բարին,— պատասխանեցի ես լուրջ, կես հեգնական եղանակով։

— Ի՞նչ տեղ ես գնում։

— Թիֆլիս,

— Հա, էդ լավ է, ես էլ եմ Թիֆլիս գնում,— շարունակեց մարդը ղարաբաղյան շեշտադրությամբ։— Լավ քաղաք է, շատ եմ սիրում։ Ես թիֆլիսեցի աղջկա հետ եմ ամուսնացած։ Տարին երկու-երեք անգամ գնում եմ քեփ անելու։ Համա լավ բաղեր ունի հա, Օրթաճալա, Կրծանիս, Ավճալ, մեր