Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեգ Առուշանով։ Սաղ Կափկազն է ինձ ճանաչում։ Հինգ հարյուրից ավելի մարդկանց կոտրված ոտներ ու ձեռներ եմ բժշկել։ էլ հարուստ վաճառական ասես, գեներալ ու պոլկովնիկներ ասես, լոխ իմ կուշտն են գալիս։ Ապա, քե մատաղ, շանց տուր ոտդ տեսնեմ։

Ես ոտս բարձրացրի և դրեցի ուստա Մուխանի ծնկան վրա։ Նա չուխայի թևը ետ քաշեց, իր մսալի ու մազմզոտ ձեռներով մի քանի անգամ տնտղեց ոտս և, գլուխը շարժելով, ասաց.

— Ափսոս, ափսոս, ո՛վ է դրստել ոսկորդ։

— Քեզ նման մի ոսկրաբույժ, մի կին։

— Կնի՞կ,— կրկնեց ուստա Մուխանը խորին արհամարհանքով,— էդ է որ ոտդ փչացրել է էլի։

— Ո՞նց թե փչացրել է։

— Հրամանքս։ Ոտդ մի տեղ կոտրած է, մի ուրիշ տեղ էլ ոսկորն է դուրս ընկել։ Էդ կնիկը ոչ կոտրածն է լավ կապել և ոչ էլ դուրս ընկածն է իր իսկական տեղը դրել։

— Մի՞թե։

— Հրամանքս,— ոգևորվեց ուստա Մուխանը,— էդպես որ թողնես, գանգռան կլինի, հասկանու՞մ ես, ինչ ասել է գանգռան։

— Գիտեմ, գանգրեն..․

— Մի խոսքով՝ ոտդ կփտի ու մեկ էլ տեսար, որ պետք է անպուտաց անել։ Հասկանու՞մ ես՝ ինչ ասել է անպուտաց։

— Գիտեմ, այսինքն կկտրեն, էլի։

— Հրամանքս, սղոցով կկտրեն ու դեն կգցեն, որ մարմինդ զարաժաց չլինի ու չմեռնես։

— Ուրեմն ձեր կարծիքով ի՞նչ պիտի անել։

— Իմ կարծիքն էն է, որ ոտդ պիտի նոր մեկանց բժշկել։

— Ի՞նչպես բժշկել։

— Էդ վարպետն ինքը գիտե։

— Դու՞ք կարող եք բժշկել։

— Բա, խելքի պտուկ, ես քեզ չասացի՞, որ վարպետ եմ։

— Բայց ոսկորներն արդեն պնդել են, ի՞նչպես կարող եք բժշկել։