Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանով նա ուզում է բոլոր կասկածները հեռացնել իրանից, Հայկունուց և կառավարությունից։ Բայց խաբել չի կարող։ իսկ Րաֆֆիի հակառակորդներն ասում էին.

— Րաֆֆիի դեմ ոչ մի մահափորձ չի եղել։ Նա ինքն է հնարել իր հոբելյանը ժողովրդականացնելու համար։ Կային ենթադրողներ, թե մահափորձը ոստիկանության գործն է։ Այսպես թե այնպես, գաղտնիքը չպարզվեց։

Նույն նամակում Րաֆֆին ավելացնում է.

«Պարոն Արծրունու հետ իմ հարաբերություններն այժմ բավական լարված են. ես դադարել եմ նրանց մոտ ճաշ ուտել։ Տիկնոջ ինտրիգները, վերջապես, զզվեցրին ինձ։ Ես դիտավորություն ունեի այս տարվա սկզբում նոր մարդիկ հրավիրել և հներին հեռացնել, որպեսզի «Մշակ»-ը փոքր-ինչ կենդանանա, բայց հնար չեղավ. տիկինը հաղթությունը տարավ, իսկ պարոն Արծրունին նրա ձեռքում դարձել է շորի կտոր... Շատ կարելի է, որ բոլորովին դադարեմ «Մշակ»-ի մեջ աշխատակցելուց, և եթե կարողացա հաջողեցնել, պիտի նախապատրաստեմ առաջիկա տարվանից իմ խմբագրությամբ մի ամսագիր հրատարակել»։

Այդ ամսագիրը Րաֆֆիի քաղցր երազն էր, որ, ավաղ, չիրականացավ։ նա մտադիր էր իր շուրջը ժողովել երիտասարդ ուժեր և ամեն օր ինձ հորդորում էր մի խոշոր բան պատրաստել։

— Գրեցեք Բաքվի կյանքից, շատ հետաքրքրական կլինի,— ասում էր նա ինձ, թեև ռեալիզմի դեմ էր։

Րաֆֆին շատ քիչ էր կարդում։ Իր գրչով զբաղված ժամանակ չուներ կարդալու։

Առհասարակ նրա գրական-փիլիսոփայական զարգացումը շատ էլ բարձր մակարդակ չուներ։ Կարդացել էր լիովին միայն Մխիթարյանների գործերը՝ թե ինքնուրույն և թե թարգմանական։ Ռուս գրականությունից ոչ լիովին կարդացել էր Տոլստոյին, Դոստոևսկուն, Տուրգենևին և Բելինսկուն։ Ֆրանսիական գրականությունից ճանաչում էր Վիկտոր Հյուգոյին, Ժյուլ Վեռնին, էոժեն Սյուին։ Զոլային չէր սիրում, Բալզակի, Ֆլոբերի, Ալֆոնս Դոդեի, Գոնկուրների մասին գաղափար չուներ։ Հյուգոյի ծայրահեղ երկրպագուն էր և շատ