Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քննադատ Չույկոն գրեց նրա մասին մի շատ ընդարձակ հոդված «Русскне ведомости» լրագրում։ Խաղը մանրամասն վերլուծելով` Չույկոն Ադամյանին դրեց Սալվինի հոր և Էռնեստո Ռոսսիի բարձրության վրա։

Նույն քննադատը, երբ գնաց բեմից Ադամյանի հետ ծանոթանալու և տեսավ դերասանին հոգնած, քրտնած,մուշտակը վերցրեց իր ուսերից ու գցեց նրա վրա։

— Ի՞նչ եք անում, պարոն,— գոչեց Ադամյանը շփոթված,— դուք կարող եք մրսել։

Չույկոն պատասխանեց.

— Եթե ես մրսեմ ու հիվանդանամ, մեծ կորուստ չի լինի, այնինչ ձեր կյանքը թանկ է արվեստի համար։

Եվ դառնալով ներկա եղողներին՝ ավելացրեց.

— Երանելի է այն թատրոնը, որ այդպիսի դերասան ունի։

Իսկ հայերը թատրոն չունեին։

Ես դիտմամբ բերեցի օտարների գնահատությունները, որպեսզի իմ հիշողությունները չենթարկվեն թերագնահատության կամ կասկածի։

Ադամյանի Օթելլոն Համլետի բարձրության չէր հասնում։

Թերին պետք է վերագրել նրա ֆիզիկական կարողությանը։

Նույնը ավելի վստահ կարող եմ ասել «Արքա Լիր»-ի վերաբերմամբ։ Այստեղ արդեն այդ կարողությունն աչքի զարնելու չափ վար էր պահանջվածից, առանձնապես պիեսի վերջին գործողության մեջ, երբ Լիքը Կորդելիայի դիակը գրկած բեմ է բերում։ Այդ պահին Ադամյանը տկար էր այնչափ, որ հանդիսականին թվում էր, թե նա իր բեռան ծանրության ներքո հևում է ու քրտնում։

Երբ այս մասին մեղմ ձևով ակնարկեցի իմ ռեցենզիայի մեջ, Ադամյանը վիրավորվեց և միառժամանակ գրեթե չէր խոսում ինձ հետ։ Սակայն մի օր եկավ ինձ մոտ, և մեր բարեկամությունը նորոգվեց, ավա՜ղ, ոչ երկար ժամանակով․․․ տարի ու կես անցած՝ նա վախճանվեց Կ.-Պոլսում։

Ադամյանի սկզբնական տարիների դերասանությանը ծանոթ չէի։ Տեսա նրան այն ժամանակ, երբ կատարելապես արդեն կազմակերպված արտիստ էր։ Աբգար Հովհաննիսյան