Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ախ, այո՛, ազնիվ բարեկամս, շատ գեշ, սպասում եմ բժշկին։ Ղազա՛ր, Ղազա՛ր, անիծյալ, ո՞ւր կորար։

Բայց Ղազարը վաղուց էր փորձված. չեկավ։

Հյուրը մի քանի վայրկյան շփոթված նայեց աջ ու ձախ և ասաց.

— Ներողությո՛ւն, չգիտեի, ցանկանում եմ առողջություն, հետո կգամ։

Ասաց և, ետ ու ետ քաշվելով, դուրս գնաց։

— Գարշելի՜,— գոչեց Ադամյանը, վայրկենաբար առողջանալով,— կոշկակարս է, փող եմ պարտ, քանի անգամ ասել եմ՝ համբերիր, երբ կունենամ, ինքս կուղարկեմ։ Բայց ոչ, անիծյալն անպատճառ պետք է դունչը ցույց տա իմ հյուրերին։

Մի ուրիշ անգամ Ադամյանը նույն դերը խաղաց Արտուր Լեյստ անունով մի գերմանացու հետ, որ հայ գրականությունից թարգմանություններ էր անում Աբգար Հովհաննիսյանի ձեռնարկությամբ Գերմանիայում հրատարակվող «Արմենիշե Բիբլիոտեկ»-ի համար։ Այդ մարդը ժամանակ-անժամանակ վազում էր Ադամյանի մոտ և նրա ժամանակը խլում էր իր անվերջ զրույցներով։ Ադամյանը չէր սիրում այդ գերմանացուն, որ շատ անդուրեկան դեմք ուներ։

— Կ.-Պոլսում հնավաճառներ կան. անոնց կնմանի,— ասում էր Ադամյանը,— ամեն անգամ կուգա ու կպարծենա, թե վրաց գեղեցիկ իշխանուհիների քով մեծ հաղթություններ կընե, բայց ես գիտեմ, որ սուտ է։

Առհասարակ Ադամյանը կյանքում ևս դերասան էր։ Երբ հարկը պահանջում էր, գիտեր և առյուծ ձևանալ, և նապաստակ։ Նա չուներ ռուս դերասանի պարզությունն ու անկեղծությունը։ Շատ անգամ մարդ ակամա թերահավատություն էր զգում դեպի նրա սիրալիր ժպիտներն ու հաճոյախոսությունները։ Լևանտացու խորամանկություն ուներ ֆրանսիական արտաքին քաղաքակրթության տակ։ Րաֆֆիի դիտող աչքը ճիշտ էր ըմբռնել նրա բնույթը, բայց ընդհանուր առմամբ Ադամյանը հակակրելի չէր, ինչպես սովորական կեղծավորները...

Ադամյանը սիրում էր հյուրասիրել, որովհետև ինքն էլ