Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարպետությամբ դարձրել է կրծքային և այդքան քաղցրահնչյուն։ Նրա կոկորդի նուրբ երակները չեն կարող երկար ժամանակ կրել արվեստական ձայնի զորությունը։ Անխուսափելիորեն Ադամյանը վաղ թե ուշ պիտի ունենա կոկորդի տուբերկուլյոզ։

Ռոսսին մարգարեացավ։ Չեմ հիշում՝ երկու թե երեք տարի անցած՝ Ադամյանը Կ.-Պոլսում հիվանդացավ կոկորդախտով և, երկար ժամանակ ռուսական հիվանդանոցում տառապելուց հետո, վախճանվեց քառասուն ու վեց տարեկան հասակում։

XIII

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

Գյուղից էր եկել նա, գյուղացի էլ մնաց քաղաքում մինչև մահը։ Ժողովրդի հարազատ զավակն էր նա՝ հայ շինականի լավագույն հատկություններով։ Քաղաքը նրա միտքը տաշեց, հղկեց, բայց նրա բարոյական աշխարհը չապականեց։ Ինչ հոգով եկել էր, նույն հոգով էլ գնաց, միշտ դեմքը դեպի գյուղը դարձրած։

Միջահասակ, լայն կրծքով, կլոր ոսկրոտ երեսով, նեղ ճակատի տակ խոր ընկած սուր-սուր նայող աչքերով, նոր ճերմակող մազերով ու մորուքով — ահա Պերճ Պռոշյանը, երբ ես ծանոթացա նրա հետ։ Մինչև այդ ժամանակ ես կարդացել էի նրա միայն երկու գրվածքը — «Սոս և Վարդիթեր» ու «Հացի խնդիր», հարկավ շտապեցի հարգանքս արտահայտել։

Պռոշյանը հագնվում էր միշտ անխնամ, անփույթ։ Նրա լայնեզր գլխարկը միշտ ճխլտված էր, օձիքը միշտ տրորված, փողկապը միշտ հնամաշ, կոճակները միշտ բաց, երբեմն հագուստի ամենախնամելի մասի վրա։ Խոսում էր Պռոշյանը սուր և անախորժ ձայնով և այնքան բարձր, որ կարծես նրա համար քաղաքի տները լեռներ էին, փողոցները՝ ձորեր։ Ոչ մի պայմանականություն չէր նեղում նրան, դեմ էր