Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պռոշյանն ամենաանկեղծ և ամենապարզասիրտ անձանցից մեկն է, որ երբևէ տվել է հայ գրական շրջանը։

Պռոշյանն ավելի ընկերական մարդ էր, քան Րաֆֆին և անհամեմատ ավելի պարզ։ Նախանձամիտ չէր, ճանաչում էր իր յուրաքանչյուր արվեստակցի արժանավորությունները և հարգում։ Նա երբեք «մեծ գրողի» հովեր չէր վերցնում իր վրա, ինչպես Գամառ-Քաթիպան․ համեստ էր չափից ավելի և հեռու ինտրիգներից։ Անսահման ժուժկալ էր մասնավոր կյանքում, բայց ուրախ, զվարճախոս, չնայելով կյանքի դառն հարվածներին։ Սիրում էր ոգելից ըմպելիքներ, բայց չափավոր։ Երբեք ես նրան հարբած չեմ տեսել, բայց զվարթ տրամադրված՝ շատ անգամ։ Բնավ չէր ծխում։ Թղթախաղի կամ նման ժամանակների մասին, Րաֆֆիի պես, գաղափար չուներ։ Գեղեցիկ սեռին վերաբերվում էր անտարբեր, երբեմն նույնիսկ բացասաբար։ Եվ գեղեցիկ սեռն էլ անտարբեր էր դեպի այդ մշտապես անփույթ հագնված, միշտ գզգզված մազերով մարդը, որի չոր ու զիլ ձայնը բնավ չէր համապատասխանում նրա բարի ու ներողամիտ բնույթին։ Այդ ձայնն այժմս էլ հնչում է ականջներումս։ Այժմ էլ Պռոշյանը պատկերանում է ահա այնտեղ – փողոցում։ Նա սեղմել է պատին իր բարեկամներից մեկին և օձիքը բռնած՝ բարձրաձայն աշխատում է ապացուցել, որ «եկեղեցին է ազգի փրկությունը»։

Պռոշյանը մեր բեղմնավոր գրողներից մեկն էր, եթե ոչ ամենաբեղմնավորը։ Նա գրում էր զարմանալի արագ և օրվա որ ժամին կամենար։

— Այսօր առավոտ զարթնեցի, պառավիս խնդրեցի սամավարը դնել։ Մոմը վառեցի և, անկողնում նստած, ծնկներիս վրա գրեցի «Ցեցեր»-ի նախավերջին գլուխը։ Վաղը կավարտեմ։

Իր ձեռագիրները Պռոշյանը չէր փոփոխում, չէր շտկում, կարծեմ մինչև անգամ չէր էլ արտագրում։ Րաֆֆին ասում էր․

— Պռոշյանը ներկարար է, լաթերը գցում է կարասի մեջ և դուրս բերում։

Աղայանն ասում էր․