Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր երևի օրվա պարենով։ Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես։ Պռոշյանը մոտեցավ մեզ և կանգնեց իմ քով։ Հանկարծ աչքիս տակով տեսա, որ նրա վերարկուի տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է։ Թումանյանին աչքով նշան արի։ Նա փռթկաց և, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ, նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի։ Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են․ ահա թե ինչու Պռոշյանի գրպանը պարում էր։

— Այ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞ւմ,— գոչեց Աղայանն ահեղ ձայնով։

— Սու՛ս արա, գյադա,— արտասանեց Պռոշյանն անհոգ,— լակոտներս ցոցխալ շատ են սիրում, նրանց համար եմ գնել։

«Լակոտներ» նա անվանում էր իր զավակներին։

— Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, մի խանգարիր,— ասաց Աղայանը, որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը։

— Գնում եմ, գնում եմ, լոռեցի չոբան։ Տղերք, ով ուզում է, թող ճաշին գա մեր տուն, կսպասեմ։

Այսպես էր Պռոշյանը առօրյա կյանքում, միշտ պարզ և անպաճույճ։ Նրա աչքում ամենքը հավասար էին, և ամենքի հետ վարվում էր անխտիր միևնույն պարզությամբ։ Ով որ էլ նրան բարևեր, պատասխանը միևնույնն էր,— երկու մատներով թեթևակի շոշափել իր հնամաշ գլխարկի եզրը։ Հակառակ Րաֆֆիի, որ ոչ ոքի հետ դու-ով չէր խոսում, Պռոշյանի համար գրեթե չկար «դուք»֊ը։

Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ[1] էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ՝ չգիտեմ ինչ։ Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը։ Ռուս–թուրքական

  1. Պատկառելի ծերունի թատերագիր Էմին Տեր–Գրիգորյանը մի օր ինձ ցույց տվեց Պռոշյանի ածուխի խանութի տեղը Երևանում–Աբովյան և Շահումյան փողոցների անկյուն, «Գրանդ–օտել» հյուրանոցի տակ։