Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտաս»։ Լսելուց հետո ես հարցրի․ «Շատ բարի, Պռոշ, կտակդ ուրախությամբ կկատարեմ, բայց ի՞նչ միջոցներով, ժառանգությու՛նդ ասա»։ Պռոշյանը բարձի տակից դուրս բերեց մի մեծ ձեռագիր և տալով ինձ՝ ասաց. «Ահա այս ձեռագիրը և տպագրված գրքերը կծախես և կտակս կկատարես»։ «Հենց միայն ա՛յդ է քո ժառանգությունը»— հարցրի ես։ «Այո»։ «Որ այդպես է, ասացի ես, այժմ խորհուրդ եմ տալիս չմեռնել»։ Եվ Պռոշյանը բարեբախտաբար չմեռավ։

Աբգար Հովհաննիսյանը հումորիստ էր և անկասկած իր պատմվածքը զարդարել էր զավեշտական հավելվածով, համենայն դեպս ինքնըստինքյան այդ կտակը բնորոշ է Պռոշյանի համար։ Պռոշյանի գրական զարգացումը մի աստիճան վար էր Րաֆֆիի զարգացումից։ Հայ հին և նոր գրականությունը գիտեր լիովին։ Գիտեր նաև հայ պատմությունը, մանավանդ եկեղեցականը։ Բայց օտար գրականությունը լավ չէր ճանաչում, եթե հաշվի չառնենք Մխիթարյանների թարգմանությունները։ Մի քանի ռուս հեղինակներ կարդացել էր։ Կարդացել էր նաև եվրոպական գրականությունից Վիկտոր Հյուգոյին, Վալտեր Սկոտին։ Զոլայի մասին գաղափար էր կազմել լսածների և լրագրական հոդվածների հիման վրա։ Երբ լույս տեսավ Պռոշյանի «Ցեցեր»-ը, ես, «Արձագանք»-ի մեջ քննադատելով այդ վեպը, պարսավեցի նրա մի քանի չափազանց նատուրալիստական էջերը։

— Եղբայր,— ասաց նա վշտացած,— երբ Զոլան է գրում նման բաներ, գովում եք. երբ ես եմ գրում, պարսավում եք։ Ինչու՞ ես ինձ վրա հարձակվում, դու ինքդ ռեալիստ չե՞ս։

— Բայց, Պռո՛շ, քրդուհու ծծերի և փորի կեղտոտ նկարագրությունը ռեալիզմ չէ, այլ նատուրալիզմ, և Զոլան ինքն էլ նատուրալիստ է։ Ես հիացել եմ նրա հանճարեղ գրչով, բայց երբեք չեմ հափշտակվել նրա ուղղությամբ և չեմ ազդվել նրանից։

Պռոշյանն էլ շատ քիչ էր ճամփորդել, ինչպես Րաֆֆին։

Ամառը նա իր ընտանիքի հետ գնում էր որևէ գյուղ, իսկ ձմեռը մեկ-մեկ կամ Երևան, կամ Բաքու։ Որքան հիշում եմ, նա Ռուսաստանն էլ չէր տեսել։ Բայց այդ համրաշարժ