Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդը մի տարի կատարեց մի բավական երկար ճամփորդություն իր կյանքի վերջին շրջանում։ Նա գնաց Զվիցերիա իր զավակների հետ տեսնվելու։ Ժնևից նա կարճ ժամանակով գնաց Փարիզ։ Այդ ժամանակ ես Փարիզում էի ընտանիքով։ Ճիշտ տարին մոռացել եմ, բայց 1905—10 թվականներից մեկն էր։

Պռոշյանն իր նահապետական հասկացողությամբ կարծում էր, որ հայ եկեղեցին ամենուրեք մի տեսակ հյուրանոց է լուսավորչական ճամփորդների համար։ Փարիզ հասնելով՝ նա կառք է նստում և դնում է Ժան-ԳուԺոն փողոց № 15։

Բեռնավորված կառքը կանգ է առնում եկեղեցու դռների առջև։ Պռոշյանը մտնում է գավիթ, ֆրանսիացի պահապանին մի կերպ հասկացնում է, թե ինքը ճամփորդ է Կովկասից, եկել է Փարիզ Ալեքսանդր Մանթաշյանին տեսնելու և իջևան է խնդրում։

— Բարի գալուստ,— ասում է ֆրանսիացին իր ցեղին հատուկ հումորով,— բայց եկեղեցու գավթում հյուրանոց չկա։

Պռոշյանը ձեռներով ու ոտներով պնդում է, թե վճռել է եկեղեցում իջևանել։ Ֆրանսիացին զարմացած նայում է անծանոթի ճերմակ ու երկայն մորուքին, մորթե սրածայր գդակին, վերարկվի լայն ու երկայն փեշերին և, վճռելով, որ հյուրն ինչ֊որ արևելյան կրոնամոլ է, գնում հայտնում է եկեղեցու քահանային։

Տեղի է ունենում երկար բանակցություն։ Քահանան վերջապես կարողանում է համոզել Պռոշյանին, որ եկեղեցին պանդոկ չէ, թե ճշմարիտ է, կա այնտեղ երկու սենյակ, բայց դա քահանայի բնակարանն է։ Պռոշյանն իր «շալաքյուլան» (այսպես էր անվանում Պռոշյանն իր ճամփորդական իրերը) վերցնում ու գնում է իր վաղեմի բարեկամ բժիշկ Ավետիք Բաբայանի բնակարանը։ Բժիշկն էլ անսպասելի հյուրին բերում է ինձ մոտ։

Ես անմիջապես Պռոշյանի համար Սեն-Միշել բուլվարի մաքուր հյուրանոցներից մեկում վարձեցի մի լավ սենյակ ուղիղ Լյուքսեմբուրգ պարտեզի դեմուդեմ, չեմ հիշում՝ օրական մեկուկես, թե երկու ֆրանկով։