որ իմ անզբաղ գլխի մեջ տիրում է մի ինչ-որ շփոթություն։ Դրսից եկած ամեն մի ձայն ինձ գրգռում էր։ Առանձնապես անտանելի էր ինձ համար երեկոյան ութ ժամից մինչև չորսը կորրիդորում անցուդարձ անող հսկիչի միապաղաղ քայլվածքը, նրա կոշիկների երկաթյա կրունկների յուրաքանչյուր զարկը տախտակյա հատակին՝ մի հարված էր իմ գանգին։ Ինձ թվում էր, որ կարող եմ խելագարվել այդ ժամացույցի նման կանոնավոր և միանման զարկերից։ Մի անգամ հերթական հսկիչին ասացի.
— Խնդրում եմ, եթե կարելի է, ձեր քայլվածքը մի քիչ զանազանեցրեք։
— Ի՜նչպես,— հարցրեց հսկիչը զարմացած։
— Այ, օրինակ, առաջ գնալիս ծանր քայլեցեք, ետ գնալիս՝ արագ, մի խոսքով՝ տարբեր քայլերով և ոչ միատեսակ։
Մարդը ծիծաղեց, բայց նայելով ինձ, տեսավ, որ կատակ չեմ անում, ուսերը վեր քաշեց ու հեռացավ։ Պարզ էր, որ նա ինձ աննորմալ համարեց և շարունակեց քայլել նախկին եղանակով։
Մի գիշեր բանտի մեռելային լռությունը խափանվեց մի անսովոր աղմուկով։ Ես անքուն էի։ Մոտեցա լուսամուտին, նայեցի դեպի գավիթ։ Բանտի երկրորդ հարկում, դիմացի պատշգամբի վրա բանտապահները ծեծում էին շղթայակապ բանտարկյալներին։
— Բեյ, բեյ էտու սվոլոչ,- գոռում էր բանաապետը խռպոտ ձայնով։ Եվ գազանացած բանտապահները հատակի վրա սփռված կիսամերկ մարմինները ջարդոտում էին իրանց երկաթյա կրունկներով։ Մի քանի մարմիններ պատշգամբից թավալվեցին գավիթ արյունաշաղախ ներքնազգեստով։
Ես պառկեցի, գլուխս թաքցրի վերմակի տակ, որ չլսեմ թշվառների հուսահատական գոռում-գոչյուններն ու հեծկըլտանքները։
Հետևյալ առավոտ հերթապահ հսկիչը իմ հարցին պատասխանեց, թե սրիկաները, հակառակ բանտապեաի կարգագրության, կեսգիշերին թուղթ էին խաղացել»։
— Ամե՞նքը,— հարցրի ես։
— Ոչ, իհարկե, չորսը միայն,