— Բայց ինչո՞ւ այդքան մարդու...
— Որովհետև բոլորը միևնույն աղբակույտից են։
Մի ուրիշ գիշեր զարթնեցի մի կնոջ աղաղակից։ Նայեցի լուսամուտից, երկու բանտապահ նրա թևերից քաշելով դուրս էին բերում կանանց բաժնից։ Կինը անզոր դիմադրում էր, գոռալով.
— Չեմ ուզում, չեմ ուզում, թողեք։
Հետևյալ օրը հերթապահն ասաց, որ այդ կնոջ մոտ ասեղներ են գտել, ու դրա համար բանտապետը նրան դատապարտել է կարցերի[1] մի շաբաթ ժամանակով։ Պարզվել է, որ կինը ասեղներն ստացել է տնից ուղարկված հացի մեջ։
— Ինչո՞ւ համար,— հարցրի ես հերթապահին։
— Կարի համար։
— Կար անելը կանանց արգելվա՞ծ է։
— Իհարկե, օրենքի դեմ է։
Մի շաբաթ անցած՝ նորեն լսեցի նույն կնոջ աղաղակը։
Նրան ազատել էին կարցերից, բայց հերթապահն ասաց, որ խելագարվել է։
Քննությունից հետո մեզ փոխադրեցին նահանգական բանտ։ Այդտեղ մեր դրությունը համեմատաբար լավ էր. թեև այդտեղ էլ մեզ մեկուսացրել էին, բայց միջոց ունեինք օրվա մեջ կես ժամ հերթով գավթում զբոսնելու ժամանակ իրարու հետ խոսել երգելով՝ մեկը գավթից, մյուսն իր լուսամուտից։ Խաչիկ Վարդանյանը լայնորեն օգտվում էր այդ համեմատական ազատությունից, իր դերասանական ձիրքը ցուցադրելու համար։ Իր օյիններով նա զվարճացնում էր ոչ միայն մեզ, այլև բանտապահներին, որոնք վերջ ի վերջո այնքան սիրեցին նրան, որ թույլ էին տալիս գավթում զբոսնելու կեսի փոխարեն մեկ ժամ, մինչև անգամ ավելի։ Ես չեմ տեսել ուրիշ մի կոմիկի, որ այնքան բազմակողմանի հնարագետ լիներ, որքան այդ փոքրահասակ, ռետինի պես ճկուն և սնդիկի պես շարժուն մարդն իր սրամիտ կատակներով։ Այո, այդ տեսակ մարդիկ վշտի սպեղանի են և մի տեսակ
- ↑ Կարցեր համարվում է այն առանձին արգելանոցը, ուր գտնվում են բանտի կարգապահության դեմ մեղանչող բանտարկյալները