Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ուժգին թափահարեց, իր համոզմունքները նրան կլլեցնելու համար։ Սակայն Արասխանյանն էլ այն մարդկանցից չէր, որ շուտով են մարսում ուրիշի կարծիքը։ Տեսնելով, որ հնար չկար նրան հաղթելու, Աղայանը բաց թողեց նրա օձիքը, ասելով.

— Գնա կորի՛ր, դու բթամիտ ես, բան չես հասկանում։

Աղայանի հավատամքը գիտության վերջին խոսքն էր, միևնույն էր՝ վերստուգվա՞ծ էր այդ խոսքը, թե՞ ոչ։ Ամեն մի նոր տեսություն կամ գյուտ նրան հափշտակում ու ոգևորում էր։

— Կարդացի՞ր այսօրվա լրագրերում Մարսի նշանների մասին։ Ո՞չ, կարդա՛, շուտով, շատ շուտով այնտեղից կխոսեն մեզ հետ և կարելի է մարդ էլ ուղարկեն։ Դու ծիծաղո՞ւմ ես, ուրեմն ոչինչ չգիտես։ Ափսոս, մի հարյուր տարի ավելի չենք ապրելու, դու կտեսնեիր՝ ե՛ս կլինեմ ծիծաղողը, թե դու։

Ա՜հ, զմայլե՜լի մարդ, որքան գրավիչ էիր դու քո մանկական պարզության և անմիջականության մեջ։

Աղայանը չէր սիրում միայն գրական մարդկանց քարոզած նոր գաղափարները։ Նա բացասաբար էր վերաբերվում Տոլստոյի տեսությանը՝ «չարիքին չպիտի դիմադրել»։ Առհասարակ նա միշտ ժխտում էր մեծ գրովի գաղափարները, առանց ժխտելու նրա մեծությունը։

— Տեսե՛ք, տեսե՛ք,— ասում էր նա հեգնանքով,— զյուղացիության բարեկամ է ձևանում, նստել է իր հարուստ կալվածքի վրա և ուրիշներին քարոզում՝ «տվեք ձեր հողերը գյուղացիներին»։ Դեռ առաջ դու տուր, հետո ուրիշներից պահանջիր։

Ես համոզված եմ, որ ինքը Աղայանն այդպես կաներ, եթե ունենար Տոլստոյի կալվածքը։ Նրա համար անձնական շահը կամ ապահովությունն առաջին գծի վրա չէր։ Նա այդ ապացուցել է մեկից ավելի անգամ։ Բանտարկման ժամանակ նա ժանդարմերիայի գեներալին ասաց.

— Զուր եք բացի ինձանից ուրիշներին էլ ձերբակալում, ինչ-որ եղել է, ես եմ արել, դատապարտեցեք միայն ինձ։

Իհարկե, նա այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե