Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմեցի եղելությունը։

— Թուրքերի սարսափն այնքան էլ անհիմն չէր, որքան կարծում եք,— ասաց նա։— Մեր տղերքը նրանց արվարձանում գրավել են կարևոր դիրքեր։ Այժմ մենք բավականաչափ զենք ունենք։ Բավական է որքան համբերեցինք, ժամանակն է մի քիչ խրատել թուրքերին։ Զանազան տեղերում դրված են նավթով լի տակառներ։ Բավական է, որ մի կաթիլ հայի արյուն թափվի, վճռված է, թուրքերի արվարձանը հրի մատնելով, բնաջինջ անել ամբողջ ազգաբնակությունը թե մեղավորին և թե անմեղին։

— Ամենքի՞ն...

— Ոչ, պարսկահպատակներին խնայելու ենք։

— Երևի երկյուղի՜ց։

— Այո, եթե այստեղ մենք պարսիկներին չխնայենք, այնտեղ Պարսկաստանում նրանք կարող են հայերին բնաջինջ անել։

— Անկասկած։ Իսկ թուրք կանանց ու երեխաներին, անկասկած, խնայելու՞ եք նույնպես։

— Երբեք,— գոչեց Բաստրմաճյանն ուժգին թափով։— Թուրքերը խնայու՞մ են մեր կանանց ու երեխաներին, որ մենք խնայենք նրանց։ Ոչ, բավական է որքան ներողամիտ եղանք մեր դարավոր թշնամու վերաբերմամբ։ Վճռված է ակն ընդ ական և ատամն ընդ ատաման։

Ասաց Բաստրմաճյանը և իր շքախմբով անհետացավ գիշերային խավարի մեջ։

Այդ մարդը դաշնակցականների մեջ համարվում էր մեղմ ու բարեսիրտ։ Ապագայում ես մի քանի անգամ պատեհություն ունեցա նրան հանդիպելու զանազան վայրերում տարբեր պաշտոններում։ Պատերազմի ժամանակ, այն է՝ 1914 թվականի դեկտեմբեր ամսին Բաստրմաճյանին տեսա Ալաշկերտի ռազմաճակատում կամավորների խմբապետի պաշտոնում։ Յոթ տարի անցած, այն է՝ 1921 թվականին Բաստրմաճյանին հանդիպեցի Նյու-Յորքում։ Նա պիտի գնար Վաշինգտոն իբրև դեսպան դաշնակցական կառավարության։

Սարսափի գիշերը ես անցուցի փողոցներում, միշտ