Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդարձակ մայթով, խելագարի պես գոռալով conspuer, conspuer: Բժիշկն ասաց, թե դրանք համալսարանի ուսանողներ են: Պրոֆեսորներից մեկը դուր չի եկել նրանց, ուստի բողոքում են ու պահանջում, որ կառավարությունը ատելի դասախոսին հեռացնի համալսարանից։ Տեսարանն իմ անսովոր աչքերի համար տարօրինակ էր, եթե չասեմ երեխայական ու ծիծաղելի, մանավանդ այդ թղթե գույնզգույն կալպակները։ Հետագայում շատ անգամ տեսա նույնիսկ և շատ ավելի երեխայական փողոցային բողոքներ և ընտելացա, այլևս չհամարելով նրանց ծաղրելի։ Չէ՞ որ մեր միտքն ու զգացումները շատ անգամ աչքերով են ղեկավարվում և նրանք են, որ հաշտեցնում են մեզ անսովորականի հետ։

Անցանք Սենայի աջ ափը, մտանք գլխավոր բուլվարները, որոնց մասին այնքան լսել էի ու կարդացել։ Առաջին հայացք այդտեղ ինձ ոչինչ չզարմացրեց, գոնե այնչափ, որչափ սպասում էի, ոչ բյուրավոր գազային ու էլեկտրական լապտերների կուրացուցիչ լույսը, ոչ մեկը մյուսից փարթամ մագազինների նուրբ ճաշակով զարդարված ցուցափեղկերը, ոչ անթիվ տրամվայների, օմնիբուսների ու կառքերի քաոսային և խառնիճաղանջ խլացուցիչ աղմուկն ու իրարանցումը։ Թվաց ինձ, որ այդ բոլորը ես տեսել եմ վաղուց և շատ անգամ, իսկ Իտալական կոչված աշխարհահռչակ բուլվարը ինձ երևաց կետ առ կետ այնպես, ինչպես տեսել էի նրան մի անգամ երազումս։ Ես կարծում եմ, որ իմ տպավորությունը հազիվ թե լիներ ավելի զորեղ, եթե բոլոր տեսածներս լինեին բյուր անգամ ավելի հսկայական ու ավելի շքեղ։ Կյանքիս մեջ միայն երկու բան իրենց գեղեցկությամբ ու հզորությամբ չեն խաբել իմ երևակայությունը — Նիագարայի ջրվեժը և Վեզուվի հրաբուխը։ Այնտեղ իրականությունը իմ ենթադրությունից բարձր է եղել։ Ինձ ավելի ապշեցուցիչ թվաց մի այլ բան — այդ խլացուցիչ ու աղմկարար փարթամության մեջ խուլ մրմնջող սովի ու անոթության հազարավոր ձայները, մուրացիկների այդ ահագին բազմությունը, որ ամեն քայլում կտրում է անցորդի ճամփան, մանավանդ նորեկ և օտարական անցորդների։ Հարկավ, ես այնքան պարզամիտ ու անտեղյակ չէի, որ կարծեի, թե մեծ քաղաքներում բոլոր