Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույներին։ Ասում եմ մասամբ, որովհետև պոռնիկության պահանջը չափազանց մեծ է Փարիզում, որպեսզի մի որևէ, միջավայր կամ դասակարգ կարողանար նրան լիովին բավարարել։ Չարիքի գլխավոր ծննդանոցը կարիքն ու չքավորու¬ թյունն են, ուր ևս կան նրանք։

Բայց դառնանք Փարիզի գիշերին։

— Գնանք Մոնմարտր,— ասաց ինձ կովկասցի մի ծանոթ, երբ ճաշից հետո Բուլմիշի կաֆեներից մեկում սուրճ էինք խմում։

— Գնանք,— համաձայնվեցի ես։

Առաջին օրը չէր, եղել էի մի քանի անգամ և արդեն բավական ծանոթացել Մոնմարտրի կյանքին։ Ծանոթս հայ էր. թիֆլիսեցի։ Կլորիկ մարմնով աշխույժ, տակավին բավական երիտասարդ մեկն էր, թեև վաղուց ամուսնացած և արդեն մի չափահաս աղջկա հայր։ Հարուստ էր, ուներ Թիֆլիսում մի քանի տներ հորից ժառանգած։ Զվարճասեր, ուտող-խմող և վերին աստիճանի վավաշոտ մեկն էր, ինչպես առհասարակ մեծամասնությունը իմ հայրենակիցների։ Առաջին անգամն էր Փարիզ գալը, ուստի նորելուկի փութկոտությամբ աճապարում էր որքան շուտ, այնքան էլ շատ վայելել նրա «հաճույքները», որոնց մասին լսել էր շատ առասպելներ։

Նա ասում էր.

— Ինչու՞ Մանթաշովը կյանքը կվայելե, ես չեմ վայելիլ, եթե նա միլիոնատեր է, ես էլ ունեմ իմ չափ։

Մանթաշովը նրա իդեալն էր։

Մոնմարտրում կյանքը դեռ չէր սկսվել, բայց ծանոթս շտապում էր։ Նա ուզում էր ամբողջ երեկոն ու գիշերը, առանց ժամավաճառ լինելու, նվիրել զբոսանքների։

— Ֆոլի Բերժեր,— ասացի ես կառապանին, երբ Փարիզի աշնանային սովորական մառախուղի մեջ տեղավորվեցինք միաձի փակ կառքում։

— Լսեցի,— ասաց գերամարմին ու զվարթադեմ կոչեն, երկայն մտրակը շաչեցնելով ձիու գլխի վրա։

Այն ժամանակ Փարիզում օթոմոբիլներ շատ քիչ կային, փողոցներում երթևեկն այնքան խճողված չէր, որքան այժմ