Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ համեստ ու հեզահամբույր երիտասարդի հետ։ Երկուսի էլ ընկերակցությունը վայելում էի հաճույքով։ Ոչ մեկն երկուսից չուներ այն տխմար ինքնահավանությունը, այն զազրելի ամբարտավանությունը, որ շատ դաշնակցականների հատկանիշն էր և որի պատճառով ես խուսափում էի նրանց ընկերակցությունից։

Մի անգամ Սիամանթոն և Մինասյանն անհայտացան: Մոտ երկու շաբաթ ես նրանց չէի տեսնում ոչ մի տեղ։ Կարծում էի, որ Փարիզից հեռացել են։ Վերջապես, մի օր հանդիպեցի նրանց Սեն-Միշելի վրա։ Զարմանալի փոխվել էին արտաքուստ։ Նիհարել էին և դժգունել, ինչպես հիվանդանոցից նոր ելածներ։

— Ժնե՞վ էիք գնացել,—հարցրի ես, ի նկատի ունենալով, որ նրանք հաճախ «գործով» այնտեղ էին գնում։

— Այո,— պատաոխանեց Սիամանթոն, և, նայելով ընկերոջը, ժպտաց այն մանկական ժպիտով, որ հատուկ է սուտ ասելուն անսովոր մարդուն։

Ես զսպեցի իմ հետաքրքրությունը։ Մի քանի օր հետո Սիամանթոն ասաց.

— Գիտեք, ես այն օրը ստեցի, ասելով, թե Ժնև էինք գնացել։ Մենք ոչ մի տեղ չէինք գնացել։

— Հապա ինչո՞ւ չէիք երևում։

— Որովհետև դրամ չունեինք սրճարան մտնելու համար և Սեն-Միշելից էլ խուսափում էինք։

Ես նրան բարեկամաբար կշտամբեցի: Մի՞թե չէր կարող ինձ ասել։ Եթե ես չունենայի էլ, կարող էի որևէ մեկից փոխ վերցնել և տալ նրանց։

— Իսկ ա՞յժմ,— հարցրի ես։ — Այժմ մի երկու շաբաթով ապահով ենք: Մինասյանը Ժնևից ստացավ իր ամսականը։ Գիտեք, մի որ մեր հուսահատությունն այն աստիճան էր, որ հիմարաբար մտածում էինք նետվել Սենայի մեջ և վերջ տալ մեր այս հիմար կյանքին։ Միայն Մինասյանի մի բառը փրկեց մեզ։ «Իսկ մա՞յրդ»,-ասաց,- և իսկույն մորս ողբը հնչեց ականջիս։ Մինասյանն ինձմե խոհեմ է...

Սիամանթոն միշտ նյութական կարիքի մեջ էր, միևնույն