Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտքերի մեջ, առանց նեղվելու նրա ներկայությունից։ Երբեմն նույնիսկ չէի զգում նրա ներկայությունը։ Ես մտածում էի, թե եթե մի մարդ իր գոյությամբ չի ձանձրացնում մյուսներին, ինքնըստինքյան չի կարող վատ համարվել։ Մեզնից յուրաքանչյուրն ունե կյանքի վերաբերմամբ իր աշխարհայացքը, իր պահանջները, իր ճաշակը, ապրում է իր ստեղծած կամ հորինված հոգեկան աշխարհում, և, եթե մենք մեկզմեկու չխանգարենք մեր անկոչ միջամտությամբ, դրանով արդեն մասամբ կատարած կլինենք մեր մարդկային տարրական պարտականությունը։

Իհարկե, Սոմիկոն այնքան հիմար կամ թեթևամիտ չէր, որ չհետաքրքրվեր իր տեսածներով։ Բայց նրա մտածողության ալֆան և օմեգան կինն էր կամ, ավելի ճիշտն ասած, կնոջ մարմինը։ Նրա փիլիսոփայությամբ կյանքի մեջ չկար ավելի բարձր հաճույք, քան կնոջ մարմնին տիրանալը։ Այո, միայն և միմիայն մարմնին։ Նա չէր հավատում, թե որևէ այր մարդ, եթե նա կատարյալ ապուշ չէ, կարող է բավարարվել կնոջ պղատոնական սիրով կամ անմարմին բարեկամությամբ։

— Ինչի՞ս է պետք,— ասում էր նա,— կնոջ հոգին կամ սիրտը, նրա խելքը կամ բարոյականությունը, եթե նրա մարմինն իմը չէ։

Մինչև Փարիզ գալը Սոմիկոն ճամփորդել էր Իտալիայում։ Նրա հիշողության մեջ ամենից խորը տպավորվել էր Պոմպեյն իր բաղնիքների էրոտիկ ֆրեսկներով ու պատերի նկարներով։ Այդ մասին նա խոսում էր աոանձին ոգևորությամբ և հեղինակավոր գնահատողի լրջությամբ։

— Անցյալի մարդիկ ավելի լավ են վայելել կյանքի քաղցրությունը, քան մենք,— ասում էր նա փիլիսոփական եղանակով,— հասկացել են, որ ամեն ինչ, գիտություն, փիլիսոփայություն, օրենքներ և արվեստներ, էլ չգիտեմ ինչ, չարժեն մի գեղեցիկ կնոջ համբույրին։

Ես, իհարկե, չէի հակաճառում նրան այդ մասին և եթե հակաճառեի էլ, ոչ մի կերպ չէի կարոդ դուրս բերել նրա գլխի մեջ ցցված բևեռը։ Առհասարակ Սոմիկոն անուղղելիի մեկն էր։ Հայ բուրժուազիայի միջին հավաքական տիպարն