Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ վճարում է. ինչ փույթ, որ «սխալմամբ» գողացված իրը երբեմն ոչ մի բանի պետք չէ[1]։

Մեծ մագազիններում ապրանքները թափված են խուրձերով ու բլուրներով, ինչպես ցորենն ու գարին մեզ մոտ։ Թվում է, որ ոչ ոք չի հսկում նրանց, և յուրաքանչյուր անցորդ իր հավանած իրը կարող է վերցնել ու դնել գրպանը։ Թվում է, բայց այդպես չէ։ Կան հատուկ նշանակված գործակալներ, որոնց պաշտոնն է Արգոսի աչքերով հետևել հաճախորդներին, և այնպես, որ ոչ ոք չզգա կամ չնշմարի նրանց ներկայությունը։ Երբ գողությունը կատարվում է, գործակալն իսկույն ևեթ չի բռնում գողին, այլ թույլ է տալիս նրան դուրս գալ խանութից, անցնել մի կամ երկու փողոց, և հետևելով նրան, հանկարծ մոտենում է ու գլխարկը վերցնելով քաղաքավարի ձևով ասում է.

— Տիկին, կարծեմ, դուք մի փոքր առաջ «Գալըրի Լաֆայետ»-ումն էիք, ճի՞շտ է։

— Այո՛։

— Բարեհաճեցեք հետևել ինձ։ Դիրեկսարը հրավիրում է ձեզ իր գրասենյակը։

Եթե տիկինը կամ օրիորդը համառի, առաջին պատահած ոստիկանական գործակալի տրամադրության տակ է։

Դիրեկտորի գրասենյակում գողին խուզարկում են, անմիջապես ձերբակալում են ու դատարանին հանձնում։ Պատիժը սովորաբար լինում է մի քանի օրվա կամ շաբաթվա բանտարկություն և չորս հինգ հարյուր ֆրանկի տուգանք։ Այդպիսի դժբախտություն իմ ժամանակ պատահեց կովկասցիներից երեքի հետ։ Մեկը պատկառելի տարիքով մի տիկին էր բուրժուա ընտանիքից։ Մյուս երկուսը քույրեր էին, ինտելիգենտ հոր զավակներ, որ Փարիզ էին եկել կրթություն ստանալու։ Տիկինը գողացել էր մի ոսկե ժամացույց, իսկ քույր օրիորդները երկուական մետաքսյա կանացի շապիկներ։ Օրիորդների համար տուգանք վճարեց և

  1. Վերջերս մի բանի հոգեբույժներ ապացուցանում են, որ կլեպտոմանները հիվանդներ չեն, այլ սովորական գողեր։ Եթե դա լիներ հիվանդություն, հիվանդն ուշքի գալով, գողացած իրը կվերադարձներ տիրոջը։ Մինչդեռ մինչև այժմ դեռ ոչ մի կլեպտոման այդ չի արել։ Շ.։