Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում էին. «Մի հավատաք, սուտ է այդ բոլորը, տելեֆոնի մոտ ոչ ոք չկա»։

Ուսանողների մասին երկար խոսելու նյութ չունեմ։ Թվով նրանք այնքան փոքր էին և այնպես իրարուց բաժանված, որ չեմ կարող ասել, թե որևէ հասարակական արժեք էին ներկայացնում։ Մեծամասնությունը թուրքահայեր էին և ռուսահայների վերաբերմամբ իրենց չափազանց զուսպ էին պահում։ Իրենց կողմից ռուսահայ ուսանողներն էլ մի առանձին հակում չունեին դեպի թուրքահայ ուսանողները, և առհասարակ երկու տարրերի մեջ զգացվում էր մի տեսակ սառնություն։ Նույնանման սառնություն չէր նկատվում ռուսահայ և վրացի ուսանողների մեջ. ընդհակառակը, նրանք աշխատում էին իրարու մերձենալ և կազմել որևէ միություն։ Այս նպատակով, մի քանի եռանդուն անձանց ջանքերով կազմվեց «Կովկասյան» անունով ընկերության պես մի բան, որ դժբախտաբար շատ կարճ կյանք ունեցավ, այն է մեկ թե երկու շատ անշուք կովկասյան երեկույթ տալուց և ընդամենը մեկուկես տարի մի աղքատիկ ընթերցարան պահելուց հետո քայքայվեց։

Նման անջատություն տիրում էր և՛ փոքրաթիվ արհեստավորների ու արվեստագետների մեջ։ Թե՛ մեկ, թե՛ մյուս տարրի անձինք զբաղված էին յուրաքանչյուրն իր գլխի հոգսով. չկար որևէ արհեստակցական գիտակցություն կամ նույնիսկ իրարու բարոյապես աջակցելու փոխադարձ ձգտում կամ ցանկություն։ Կային քիչ թե շատ շնորհքով նկարիչներ, արձանագործներ, երգիչներ, բայց խոշոր տաղանդներ տակավին բացակայում էին, բացի օֆորտիստ էդգար Շահենից, որ սակայն վաղուց գերազանցել էր, այսպես ասած, հայկական մասշտաբը, ուզում եմ ասել, գրեթե համաեվրոպական անուն էր վաստակել։ Այժմյան տաղանդավոր արձանագործ Գյուրժանը, որ այն ժամանակ Հակովբ Գյուրջյան էր, տակավին աշակերտ էր և չափազանց ոգևորված Օգյուստ Ռոդենով, թեև նրա մի շարք գործերը, որոնց թվում և իմ դստեր Մարգարիտի կիսարձանն արդեն ընդունվել էին երկու սալոններում և արժանացել էին մամուլի ու այցելուների ուշադրությանը։ Կային երկու խոշոր ապագա խոստացող երգիչներ, Մուղինյան,