Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եկել են Թուրքիայի ճակատագիրը որոշելու,— ասաց Մինաս Չերազը կծու հեգնությամբ։

Խե՜ղճ մարդ։ Ես նկատեցի, որ նա իր հոգու խորքում վիրավորված և վշտացած է, որ ինքը մոռացության է տրված այդ մարդկանց կողմից։

Ճիշտ այդ օրերին էր, որ մի անգամ նույն սրճարանում ինձ մոտեցավ մոտ քառասունհինգ տարեկան մի սևահեր տղամարդ հաստ բեղերով, առնական, կարող եմ ասել, գեղեցիկ դեմքով ու թուրքահայ բարբառով հարցրեց.

— Դուք պարոն Շիրվանզադե՞ն եք։

— Այո,— պատասխանեցի ես։

— Թույլ տվեք ծանոթանալ — Անդրանիկ։

— Մեր անվանի հերո՞սը,— հարցրի ես ամենայն լրջությամբ։

— Ա՜հ, վազ անցեք,— գոչեց Անդրանիկն առանց կեղծ համեստության,— ես մի պարզ մահկանացու եմ։

Այսպես թե այնպես, ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել։ Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ մի սխալ հասկացված դարձվածքի պատճառով։ Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա։

— Ի՞նչով կարող եմ ծառայել ձեզ, պարոն Անդրանիկ,— հարցրի ես, հրավիրելով նրան մի բաժակ սուրճի։

— Ծառայության խնդիր չկա,— ասաց նա,— ես կփափագեի միայն, որ դուք որպես մեկն իմ հայտնի հայրենակիցներից, լսեիք իմ գանգատը դաշնակցության դեմ։ Ես չափազանց վրդովված եմ։

— Ի՞նչ է պատահել,— հետաքրքրվեցի ես խորապես, որովհետև մինչև այդ ես Անդրանիկին համարում էի մոլեռանդ դաշնակցական։

— Մի գարշելի տրամադրություն, մի զազրելի ապերախտություն, չգիստեմ ինչպես որակել,— գոչեց նա, իր երկաթյա բռունցքը զարնելով մարմարյա սեղանին այնպես ուժգին, որ իր սուրճի դատարկ գավաթը վար ընկավ և փշրվեց։

Նա բացատրեց։ Պարզվեց, որ դաշնակցությունը նրան Փարիզ է ուղարկել հարյուր հրացան գնելու, տալով նրան մի