Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպասածին` մենակ չէր, ներկա էր և նրա հայրը։ Ես մոռացել էի, որ այդ մոտ վաթսուն տարեկան կայտառ ծերունին առհասարակ անբաժան էր իր աղջկանից և ամենուրեք հետևում էր նրան, նույնիսկ նկարելու ժամանակ։ Ինձ դուր չէր գալիս այդ մարդն իր խոժոռած դեմքով և պարզ ակնոցի տակից նայող սուր և անդուրեկան աչքերով։ Նա իմ բարևն ընդունեց ֆրանսիացուն հատուկ քաղաքավարությամբ, բայց ոչ նույն ֆրանսիացուն հատուկ սիրալիրությամբ։ Ես ուշադրություն չդարձրի դրա վրա։ Ի՞նձ ինչ, թող ինչքան ուզում է մնա, եթե նրա աղջիկն այդ կամենում է։ Բայց շուտով նկատեցի, որ նկարչուհին մի տեսակ նեղվում է և շատ էլ հանգիստ չի աշխատում։ Արդարև, դժվար էր նրա համար չներվայնանալ, երբ ամեն անգամ երեսը ետ դարձնելիս տեսնում էր ծերունու խոժոռ դեմքը ու նրա սուր աչքերը, ճերմակ ու թանձր հոնքերի տակից։

Շուտով ես ինքս էլ սկսեցի նեղվել։ Ծերունին իմ աչքում դարձավ մի տեսակ ռուսական ժանդարմ։ Նրա ներկայությունը խանգարում էր ինձ ազատ խոսել ինչի մասին ևս լիներ, թեկուզ նյութը արվեստներին կամ գրականությանը վերաբերվեր։

Այդպես շարունակվեց երեք օր։ Օրիորդի աշխատանքն առաջ էր ընթանում շատ դանդաղ։ Ես նկատում էի, որ նա ավելի շատ մտածում ու դիտում է, քան նկարում։ Երբեմն նա վրձինը ձեռին մոտենում էր լուսամուտին, նայում էր դուրս առանց մի բան արտասանելու։ Վերջապես, չորրորդ օրը, հազիվ գործը վերսկսած, մի կողմ նետեց վրձին ու ասաց.

— Ներեցե՛ք, պարո՛ն, այսօր ես ինձ վատ եմ զգում, աշխատել չեմ կարող.

— Հետաձգի՛ր վաղվան, ժաննետ, հետաձգի՛ր վաղվան,— արտասանեց ծերունին, մի ծուռ հայացք ձգելով ինձ վրա։

Նրա ձայնն ինձ թվաց այնքան անախորժ ու գրգռեցուցիչ, որքան երաժշտական ու ախորժալուր էր նրա աղջկա ձայնը։

Ես ոտքի ելա և դուրս գնացի։

Հետևյալ օրն եկա դրականապես վճռած` հրաժարվել նկարվելուց։ Այս անգամ ծերունին չկար։